• Latest news

Ոչ թե քիչ ուտել, այլ շատ ծախսել. գիտնականները ճարպակալման բուժման նոր մոտեցում են գտել

22 օգոստոսի, 2026  13:21

Դեղամիջոցը, որն օրգանիզմին ստիպում է ախորժակը ճնշելու փոխարեն ավելի շատ էներգիա ծախսել, կարող է ճարպակալման և մետաբոլիկ հիվանդությունների բուժման նոր մոտեցում դառնալ։ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մկների վրա փորձարկել են TOFA մոլեկուլը և պարզել, որ այն օգնում է այրել ճարպը, բարելավում է զգայունությունը ինսուլինի նկատմամբ և չի հանգեցնում մկանային զանգվածի նկատելի կորստի։

Հետազոտության արդյունքները հրապարակել է Science Advances գիտական ամսագիրը։

Վերջին հինգ տարում GLP-1 դասի դեղամիջոցները, ներառյալ Ozempic, Wegovy, Mounjaro և Zepbound, էապես փոխել են ճարպակալման և դիաբետի բուժումը։ Դրանք արդյունավետորեն նվազեցնում են ախորժակը և օգնում վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն որոշ պացիենտների մոտ սրտխառնոց և մարսողական այլ խնդիրներ են առաջացնում։ Բացի այդ, սննդի ընդունման նվազման պատճառով նիհարելիս կարող է կրճատվել ոչ միայն ճարպային, այլև մկանային զանգվածը։

Բերկլիի հետազոտողները որոշել են ներազդել մեկ այլ մեխանիզմի վրա՝ ոչ թե օրգանիզմ մտնող էներգիայի քանակի, այլ դրա ծախսի վրա։

5-տետրադեկոքսիլ-2-ֆուրոյական թթու մոլեկուլը կամ TOFA-ն արգելափակում է լիպիդների, այդ թվում՝ խոլեստերինի և տրիգլիցերիդների առաջացումը՝ միաժամանակ ակտիվացնելով ճարպերի այրման և էներգիայի արտադրության համար պատասխանատու գեները։

Փորձարկումների ժամանակ մկների բջիջները սկսել են մոտ 18%-ով ավելի շատ էներգիա ծախսել։ Ընդ որում, կենդանիները չեն սկսել ավելի շատ շարժվել, և նրանց մարմնի ջերմաստիճանը չի բարձրացել։ Ճարպակալմամբ տառապող մկների մոտ TOFA-ի ընդունումը հանգեցրել է ճարպային զանգվածի նվազման՝ առանց մկանային հյուսվածքի զգալի կորստի։

Դեղամիջոցը նաև բարելավել է զգայունությունը ինսուլինի նկատմամբ և գլյուկոզայի մակարդակի վերահսկողությունը, նվազեցրել տրիգլիցերիդների պարունակությունը և բարելավել լյարդի ճարպային հիվանդության որոշ նշաններ։

Գիտնականներին TOFA-ն հայտնի է դեռ 1970-ականներից և դասվում է ACC ինհիբիտորներ կոչվող միացությունների շարքին։ Դրանք արգելափակում են օրգանիզմում լիպիդների առաջացումը։

Սակայն այս դասի նախորդ դեղամիջոցները չկարողացան դառնալ մետաբոլիկ հիվանդությունների ստանդարտ բուժում. դրանցից շատերը, որքան էլ զարմանալի է, բարձրացնում էին տրիգլիցերիդների մակարդակը և դրանով իսկ կարող էին մեծացնել սիրտ-անոթային խնդիրների ռիսկը։

Ըստ հետազոտողների, TOFA-ի առավելությունը կրկնակի ազդեցության մեջ է։ Բացի լիպիդների սինթեզի արգելափակումից, այն ակտիվացնում է PPARα և PPARδ ռեցեպտորները, որոնք գործարկում են բջիջների կողմից ճարպերի կլանման և այրման գործընթացները։ Ենթադրվում է, որ հենց սա է օգնում խուսափել տրիգլիցերիդների մակարդակի բարձրացումից։

Գիտնականները նաև ստուգել են, թե ինչ տեղի կունենա TOFA-ն GLP-1 դեղամիջոցների հետ համակցելիս։ Մկների վրա կատարված փորձարկումներում TOFA-ի համակցումը սեմագլուտիդի (հայտնի է Ozempic և Wegovy առևտրային անվանումներով) կամ տիրզեպատիդի (վաճառվում է որպես Mounjaro և Zepbound) հետ տվել է մարմնի զանգվածի ավելի արտահայտված նվազում և գլյուկոզայի, ինսուլինի ու տրիգլիցերիդների ավելի լավ վերահսկողություն, քան յուրաքանչյուր միջոցն առանձին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll