Գիտնականներն ինսուլտից, ինֆարկտից եւ միգրենից պաշտպանող գեն են հայտնաբերել

26 նոյեմբերի, 2014  12:53

Գիտնականներին հաջողվել է մարդու ԴՆԹ-ի մեջ երիտասարդ եւ միջին տարիքում ինսուլտի առաջացմանը դիմակայող գեն հայտնաբերել, հաղորդում է The Independent-ը:

PHACTR1 անվամբ հայտնի գենը, պարբերականի փոխանցմամբ, նաեւ միգրենի եւ սրտի նոպայի առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն է դրսեւորում:

Լոնդոնի Royal Holloway քոլեջը ներկայացնող գիտնականները գրեթե 16 հազար ամերիկացի եւ եվրոպացի հիվանդների ԴՆԹ-ի տվյալներն են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ PHACTR1-ը գլխուղեղին արյուն մատակարարող զարկերակների՝ երիտասարդ տարիքում ինսուլտի առաջացման հիմնական պատճառը հանդիսացող շերտատման՝ պարանոցի զարկերակի դիսեկցիա անվամբ հայտնի վիճակի առաջացումը կանխելու հնարավորություն է ընձեռում: Հետազոտության հեղինակներն այս բացահայտումը «կարեւոր ճեղքում» են համարում՝ խնդրո առարկա ծանր հիվանդության բուժման նոր մեթոդների մշակման ճանապարհին:

Կրթօջախի կլինիկական նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Պանկայ Շարմայի հավաստիացմամբ, ԴՆԹ-ի՝ գիտահետազոտական խմբի անդամների տրամադրությանը հանձնված բիոբանկը հետագայում էլ կարող է մի շարք այլ բացահայտումների միջոց ծառայել: 

«Ձեռք բերված արդյունքները նոր ընկալումներ են հաղորդում առ այն, թե գենոմի որ մասն է ունակ անոթային համակարգի վիճակի որոշիչ պահերի վրա անդրադառնալ, ինչն էլ, իր հերթին, նոր հնարավորություններ է ստեղծում՝ ինսուլտի բուժման համար», - նշել է նա:

Պարբերականի հիշեցմամբ, ամեն տարի Մեծ Բրիտանիայում ինսուլտով ախտորոշման շուրջ 152 հազար դեպք է գրանցվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում