NatMet: Աղիքային բակտերիաների 19 տեսակ կարող են մասնակցել լյարդի ախտահարմանը

7 սեպտեմբերի, 2026  15:21

Գյոթեբորգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հնարավոր մեխանիզմ, որը կապում է աղիքային բակտերիաները լյարդի հազվադեպ հիվանդության հետ. բակտերիաների 19 տեսակ արտադրում են ImP նյութը, որը, թափանցելով լեղուղիների բջիջների մեջ, խթանում է բորբոքման և ֆիբրոզի գործընթացները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում:

Հետազոտողները պարզել են, որ ԱՍՔ (առաջնային սկլերոզացնող քոլանգիտ) ունեցող մարդկանց մոտ բարձր է իմիդազոլպրոպիոնատի (ImP) մակարդակը։ Սա մի նյութ է, որն առաջանում է աղիքներում որոշակի բակտերիաների, մասնավորապես՝ Enterocloster clostridioformis-ի և Enterocloster boltaе-ի կողմից սննդի բաղադրիչների վերամշակման արդյունքում: ImP-ի ավելի բարձր մակարդակը կապված է նաև պացիենտների ապրելիության վատթար ցուցանիշների հետ:

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ImP-ի երկարատև ազդեցությունը կարող է առաջացնել լյարդի բորբոքում: Մետաբոլիտն ազդում է լեղուղիները պատող բջիջների վրա՝ ակտիվացնելով ազդանշանային ուղին, որը նպաստում է բորբոքմանը և ֆիբրոզին՝ ավելորդ սպիական հյուսվածքի առաջացմանը:

«Ընդ որում, ImP-ն, հավանաբար, ԱՍՔ-ի միակ պատճառը չէ: Հիվանդությունը կարող է զարգանալ գենետիկական, իմունային և էկոլոգիական գործոնների համակցության, ինչպես նաև աղիքային միկրոբիոտայի կազմի ընդհանուր փոփոխությունների ազդեցության տակ», – պարզաբանել են գիտնականները:

Այս հայտնագործությունը պոտենցիալ կերպով կարող է օգնել բուժման նոր մոտեցումների մշակմանը, օրինակ՝ ImP-ի առաջացմանը մասնակցող ֆերմենտների արգելափակմանը կամ այն ազդանշանային ուղու վրա ներազդելուն, որի միջոցով մետաբոլիտը վնասում է լեղուղիների բջիջները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում