Տեստոստերոնի մակարդակը կապված է որովայնի ճարպի հետ․ Journal of the Endocrine Society

12 սեպտեմբերի, 2026  08:32

Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազման հիմնական պատճառը ոչ թե տարիքն է, այլ վիսցերալ ճարպի ծավալը, որը կուտակվում է որովայնի խոռոչում՝ ներքին օրգանների շուրջ: Որքան շատ է այդ ճարպը, այնքան ցածր է տղամարդկային հորմոնի մակարդակը․ ընդ որում՝ այս կապն ան համեմատ ավելի արտահայտված է, քան տարիքի ազդեցությունը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ բանակի Բնապահպանական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները՝ ուսումնասիրելով 20-ից 59 տարեկան շուրջ հինգ հազար ամերիկացի տղամարդկանց տվյալները: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the Endocrine Society ամսագրում:

Ընդունված է կարծել, թե տարիների հետ տեստոստերոնի մակարդակն անխուսափելիորեն ընկնում է․ նվազումն իսկապես սկսվում է մոտ 35 տարեկանից, սակայն ընթանում է շատ դանդաղ: Երբ գիտնականները հաշվի են առել օրգանիզմում ճարպի բաշխումը, պարզվել է, որ դիտարկված տարիքային խմբում բուն տարիքը թույլ է կապված հորմոնի մակարդակի հետ: Փոխարենը՝ հենց որովայնի խորքային ճարպն է հեղինակների կողմից նշվել որպես տեստոստերոնի ցածր մակարդակն ուղեկցող հիմնական «ճարպային» ցուցանիշ:
Վիսցերալ ճարպը նյութափոխանակության տեսանկյունից ակտիվ է․ այն պահպանում է քրոնիկ բորբոքումն ու արագացնում տեստոստերոնի փոխարկումը էստրոգենների (գործընթաց, որը կարող է փակ շղթա ձևավորել)․ ավելորդ ճարպն իջեցնում է հորմոնի մակարդակը, իսկ ցածր տեստոստերոնն իր հերթին նպաստում է քաշի հետագա ավելացմանը: Ավելի վաղ արված հետազոտությունների համաձայն՝ մարմնի մասսայի ինդեքսի 4–5 միավորով աճն իր ազդեցությամբ համադրելի է տեստոստերոնի վրա տարիքի 10 տարվա ազդեցության հետ:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ռիսկի հիմնական ցուցանիշը հենց գոտկատեղի ծավալն ու որովայնի ճարպի քանակն են, այլ ոչ թե ընդհանուր քաշը․ նորմալ քաշ, բայց արտահայտված փոր ունեցող տղամարդու մոտ տեստոստերոնը կարող է ավելի ցածր լինել, քան ավելի ծանր, որովայնային ճարպակալում չունեցող մարդու մոտ:
Գիտնականները հավելում են, որ վիսցերալ ճարպը նվազեցնելուն նպաստում են կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, սննդակարգի կալորիականության սահմանափակումն ու պարզ ածխաջրերի կրճատումը, իսկ նորմալ քաշի վերականգնումը կարող է մասնակիորեն վերականգնել նաև հորմոնի մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում