Ուղեղի ASM4 հատուկ նեյրոնները կարող են գրեթե ամբողջությամբ ճնշել ագրեսիան․ CB

15 սեպտեմբերի, 2026  11:03

Սոլկի ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պտղաճանճերի մոտ հայտնաբերել են ASM4 նեյրոնների փոքր խումբ, որոնց ակտիվացումը ճնշում է ագրեսիվ վարքագիծը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում։

Եթե երկու արու պտղաճանճի փակեն փոքր տարածության մեջ, նրանք սկսում են հարձակվել միմյանց վրա։ Այս վարքագծի համար պատասխանատու է օկտոպամինը՝ քիմիական նյութ, որը միջատների մոտ կատարում է մարդու նորադրենալինին նման ֆունկցիաներ և կապված է «խփիր կամ փախիր» ռեակցիայի հետ։ ASM4 նեյրոններն աշխատում են հակառակ ուղղությամբ և ընդունակ են բառացիորեն կանգնեցնել կռիվը։
Հետազոտողները մշակել են գենետիկական գործիք, որը թույլ է տալիս կետային ակտիվացնել նեյրոնների առանձին խմբեր։ Դրա միջոցով նրանք առանձնացրել են ASM4 բջիջները։ Երբ դրանք ակտիվացնում էին կարմիր լույսով, ճանճերը դադարում էին հարձակվել միմյանց վրա։ Լույսն անջատելուց հետո հարձակումները վերսկսվում էին։
Ընդ որում, այս ազդեցությունը չէր բացատրվում պարզապես շարժողական ակտիվության նվազմամբ։ Ավելին, ASM4-ը ճնշում էր ագրեսիան ինչպես արուների, այնպես էլ էգերի մոտ, թեև նրանք տարբեր կերպ են հարձակվում միմյանց վրա։ Հեղինակների կարծիքով՝ սա կարող է վկայել ագրեսիվ վարքագծի վերահսկման ավելի ընդհանրական մեխանիզմի մասին։
Նախկինում նման բջիջներն ուսումնասիրելը դժվար էր։ Օկտոպամինն օգտագործվում է նեյրոնների մի քանի խմբերի կողմից, իսկ եղած գենետիկական գործիքները թույլ չէին տալիս միացնել բջիջների առանձին տեսակներ՝ միմյանցից անկախ։ Խնդիրը լուծելու համար գիտնականները փորձարկել են գենետիկական մարկերների 529 համադրություն և ստեղծել 40 տարբերակ, որոնք թույլ են տալիս առանձնացնել ոչ ավելի, քան երեք տեսակի նեյրոն։
Գործիքների նոր հավաքածուն հնարավորություն է տվել ուսումնասիրել բջիջների 14 ենթատեսակ, որոնք նախկինում հնարավոր չէր առանձին հետազոտել։ Դրա միջոցով հետազոտողները հայտնաբերել են նաև նեյրոններ, որոնք մասնակցում են տեսողական տեղեկատվության մշակմանն ու շարժվող օբյեկտներին հետևելուն։
Այդուհանդերձ, ASM4-ի աշխատանքի մեխանիզմը դեռ լիովին պարզ չէ։ Գիտնականներին դեռ չի հաջողվել պարզել, թե ինչ նյութ են արտազատում այս բջիջները՝ օկտոպամին, տիրամին, թե երկու նեյրոմեդիատորն էլ։ Բացի այդ, նոր գործիքները դեռ թույլ չեն տալիս լիովին առանձնացնել ASM4-ը հարևան մի քանի տեսակի նեյրոններից, ուստի մարդու մոտ ագրեսիայի ճնշման նմանատիպ մեխանիզմի ակտիվացումն առայժմ անհնար է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում