Հոդերի պրոթեզների մետաղական մասնիկներն ի վիճակի են հասնել ուղեղին. ActaBio

16 սեպտեմբերի, 2026  22:45

Հոդերի արհեստական պրոթեզների մետաղական մասնիկներն ի վիճակի են թափանցել գլխուղեղ, սակայն դեռևս չկան ապացույցներ, որ դա հանգեցնում է հիշողության վատթարացման կամ դեմենցիայի: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները: Աշխատության արդյունքները հրապարակվել են Acta Biomaterialia բժշկագիտական հանդեսում:

Գիտնականներն ուսումնասիրել են 701 մահացած անձի ուղեղի նմուշներ, որոնցից 229-ը նախկինում ենթարկվել էին հոդի ամբողջական փոխարինման: Հետազոտողները չափել են մի քանի մետաղների, դրանց թվում՝ կոբալտի և տիտանի պարունակությունը ուղեղի չորս շրջաններում, իսկ նմուշների մի մասը լրացուցիչ ուսումնասիրել են էլեկտրոնային մանրադիտակի միջոցով:

Ամենանշատ տարբերությունը հայտնաբերվել է կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզներ ունեցող անձանց մոտ: Առանց այդպիսի վիրահատության մասնակիցների համեմատ նրանց ուղեղում կոբալտի կոնցենտրացիան միջինում 8,9%-ով բարձր է եղել բոլոր չորս հետազոտված շրջաններում: Առանձին մասնիկների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցից մի քանիսն ունեն նույն մետաղական բաղադրությունը, ինչ իմպլանտների բաղադրիչները:

Գիտնականների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ շփման կամ կոռոզիայի հետևանքով առաջացող պրոթեզների մաշվածության արտադրանքը ի վիճակի է լքել հոդի շրջանը և հասնել ուղեղին: Թե կոնկրետ ինչպես են դրանք հաղթահարում արյան ուղեղային արգելքը, որը պաշտպանում է ուղեղն արյան մեջ առկա շատ նյութերից, դեռևս պարզված չէ: Հնարավոր մեխանիզմների թվում հետազոտողները նշում են արգելքի թափանցելիության փոփոխությունը և իմունային բջիջների միջոցով մասնիկների տեղափոխումը:

Գիտնականները միաժամանակ ստուգել են՝ արդյոք մետաղների կոնցենտրացիան կապվա՞ծ է Ալցհայմերի հիվանդության նշանների և ճանաչողական խանգարումների հետ: Ուղեղում կոբալտի բարձր պարունակությունն իրոք համեմատվել է ուղեղի առանձին շրջաններում Ալցհայմերի հիվանդության հետ կապված ախտաբանական փոփոխությունների մեծ քանակի հետ: Տիտանի ավելի բարձր մակարդակը նույնպես կապված է եղել ճանաչողական գործառույթների ավելի ցածր ցուցանիշների հետ:

«Ընդ որում, հոդերի փոխարինման բուն վիրահատությունը կապված չի եղել Ալցհայմերի հիվանդության ռիսկի և ճանաչողական խանգարումների հետ: Բացի դրանից, տիտանը կարող է օրգանիզմ թափանցել ոչ միայն իմպլանտներից»,- պարզաբանել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում