Վիտամին D3-ը կարող է նվազեցնել քնի օբստրուկտիվ ապնոէով պայմանավորված անոթների և երիկամների վնասումը։ Դա հատկապես օգտակար է այս վիտամինի անբավարարության դեպքում։ Առնետների վրա անցկացված փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Քինգ Սաուդ համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Frontiers in Physiology» ամսագրում։
Քնի օբստրուկտիվ ապնոէն ուղեկցվում է շնչառության պարբերական կանգերով և արյան մեջ թթվածնի մակարդակի նվազումով, ինչն էլ հանգեցնում է անոթների վաղաժամ մաշվածության: Հետազոտողներն այս վիճակը մոդելավորել են 56 առնետների շրջանում: Կենդանիներից մի քանիսի մոտ միաժամանակ առաջացրել են վիտամին D3-ի դեֆիցիտ, որից հետո նրանցից մի մասին 14 օր շարունակ տարբեր չափաբաժիններով վիտամին են տվել:
Թթվածնի արտահայտված անբավարարության և վիտամին D-ի պակասի համադրությունը ամենաբացասական ազդեցությունն է ունեցել օրգանիզմի վրա։ Կենդանիների մոտ սրվել են բորբոքային գործընթացներն ու անոթների ներքին թաղանթի վնասումը, իսկ ազոտի օքսիդի խտությունը նվազել է։
Ազոտի օքսիդը կարևոր ազդանշանային մոլեկուլ է, որը թուլացնում է անոթների հարթ մկանները, ընդլայնում դրանք և պահպանում արյան բնականոն շրջանառությունը: Ազոտի օքսիդի բավարար մակարդակն օգնում է կանխել զարկերակային ճնշման կայուն բարձրացումը, ինչպես նաև խոչընդոտում է թրոմբոցիտների կպչունությունը:
Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են երիկամային խողովակիկների՝ արյան ֆիլտրմանն ու միզագոյացմանը մասնակցող կառույցների վնասում: Վիտամին D3-ի ընդունումից հետո այդ փոփոխությունների արտահայտվածությունը նվազել է: Ավելի բարձր չափաբաժինն ավելի արդյունավետ է գտնվել, քան ցածրը, իսկ վիտամին ստացած կենդանիների մոտ երիկամային խողովակիկների բնորոշ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հեղինակները ենթադրում են, որ ապագայում վիտամին D3-ը կարող է դիտարկվել որպես ապնոէով և վիտամին D-ի դեֆիցիտով տառապող մարդկանց անոթների և երիկամների պաշտպանության լրացուցիչ միջոց: Այնուամենայնիվ, սրանք դեռևս նախնական տվյալներ են. հետազոտությունն անցկացվել է կենդանիների վրա, որի պատճառով դրա արդյունքներն ու կիրառված չափաբաժինները չեն կարող ուղղակիորեն վերագրվել մարդկանց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day