Ցանցաթաղանթի սկանավորումը կարող է օգնել հայտնաբերել նախասրտերի ֆիբրիլյացիան ախտորոշումից տարիներ առաջ և դրանով իսկ ժամանակին բացահայտել կաթվածի բարձր ռիսկ ունեցող անձանց։ Նման եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի Ակնաբուժության ինստիտուտի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PLOS Digital Health ամսագրում։
Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի խանգարում է, որի դեպքում սիրտը կծկվում է անկանոն կերպով։ Հիվանդությունը միշտ չէ, որ ակնհայտ ախտանիշներ է առաջացնում և կարող է դրվագային բնույթ կրել, այդ պատճառով էլ երբեմն հնարավոր չի լինում այն հայտնաբերել ստանդարտ էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ընթացքում։ Մինչդեռ այս խանգարումը մեծացնում է մակարդուկների առաջացման ռիսկը, քանի որ դրանք կարող են հասնել ուղեղ և կաթված առաջացնել։
Գիտնականները վերլուծել են երկու խոշոր հետազոտության 89664 մասնակցի՝ AlzEye նախագծի 50651 մասնակցի և Բրիտանական բիոբանկի 39013 անձի տվյալները։ 6261 մասնակցի մոտ նախասրտերի ֆիբրիլյացիան արդեն ախտորոշված է։
Պարզվել է, որ նախասրտերի ֆիբրիլյացիա ունեցող մարդկանց ցանցաթաղանթը միջինում ավելի բարակ է եղել։ Ընդ որում՝ նմանատիպ փոփոխություններ են հայտնաբերվել նաև այն մասնակիցների մոտ, որոնց շրջանում սկանավորման պահին հիվանդությունը դեռ չէր ախտորոշվել, սակայն ի հայտ էր եկել ավելի ուշ։ Ցանցաթաղանթի ավելի բարակ շերտեր են արձանագրվել նախասրտերի ֆիբրիլյացիայի պատճառով հիվանդանոց դիմելուց միջինում չորս տարի առաջ։
Հետազոտողները կարծում են, որ ցանցաթաղանթի փոփոխությունները կարող են լրացուցիչ ազդանշան դառնալ այն մարդկանց բացահայտման համար, որոնք սրտի ավելի մանրակրկիտ հետազոտության կարիք ունեն։ Միևնույն ժամանակ, աչքի սկանավորումը չպետք է փոխարինի ԷՍԳ-ին, քանի որ ախտորոշումը հաստատելու համար կիրառվում է հենց սրտաբանական հետազոտությունը։
Հեղինակների խոսքով՝ մեթոդի առավելությունն այն է, որ ցանցաթաղանթի հետազոտությունն արագ է և ոչ ինվազիվ։ Եթե հետագա հետազոտությունները հաստատեն այս արդյունքները, ապա սովորական ակնաբուժական ստուգումները կարող են օգնել ավելի շուտ բացահայտել նախասրտերի ֆիբրիլյացիայի և դրա հետևանքով առաջացող կաթվածների բարձր ռիսկ ունեցող անձանց։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում