Առողջ պահելակերպն ու ճիշտ սննդակարգը կարող են դանդաղեցնել կենսաբանական ծերացումը, ընդ որում՝ դրա համար պարտադիր չէ հետևել որևէ կոնկրետ կամ «կատարյալ» դիետայի։ Նման եզրահանգման են եկել գերմանացի հետազոտողները, ովքեր ուսումնասիրել են առողջ սննդակարգի տասը տարբեր մոդելների կապը ծերացման հետ առնչվող ԴՆԹ փոփոխությունների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Գիտնականները վերլուծել են գերմանական ազգային հետազոտության մասնակիցների տվյալները և նրանց օրական սննդակարգը գնահատել սննդի որակի գնահատման տասը տարածված համակարգերով։ Դրանց թվում են եղել միջերկրածովյան, սկանդինավյան դիետաները, DASH-ը, MIND-ը, ինչպես նաև բուսական սննդակարգի տարբեր մոդելներ։ Հիմնական վերլուծությունն ընդգրկել է 6470 մարդու, իսկ ստացված արդյունքները հետագայում ստուգվել են մասնակիցների անկախ խմբի տվյալների հիման վրա։
Կենսաբանական տարիքը տարբերվում է անձնագրային տարիքից. այն արտացոլում է օրգանիզմում կուտակված փոփոխությունները, որոնք պայմանավորված են նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ և ապրելակերպով։ Դրա գնահատման համար հետազոտողներն օգտագործել են այսպես կոչված «էպիգենետիկ ժամացույցները»՝ մեթոդներ, որոնք կենսաբանական տարիքը որոշում են ԴՆԹ-ի քիմիական փոփոխությունների առանձնահատկություններով։ Վերլուծության ընթացքում հաշվի է առնվել գենոմի շուրջ 850 հազար հատված։
Պարզվել է, որ առողջ սննդակարգին ավելի հետևողականորեն հետևելը սերտորեն կապված է եղել ավելի դանդաղ էպիգենետիկ ծերացման հետ։ Այս օրինաչափությունը նկատվել է ուսումնասիրված առողջ սննդակարգի բոլոր մոդելների դեպքում, թեև դրանց միջև կապի ուժգնությունը տարբերվել է։ Ընդ որում, այն մարդիկ, ովքեր հետևել են առողջ դիետաներից որևէ մեկին, պարտադիր չէ, որ հետևած լինեին մյուսներին. մասնակիցների միայն փոքր մասն է միաժամանակ բարձր ցուցանիշներ գրանցել գնահատման բոլոր համակարգերով։
Հետազոտողները նաև նկատելի նմանություն են հայտնաբերել սննդի տարբեր տեսակների հետ կապված կենսաբանական գործընթացներում։ Ազդեցության ենթարկված կենսաբանական ուղիների ավելի քան 70%-ը ընդհանուր է եղել ուսումնասիրված բոլոր դիետաների համար։ Դրանք ներառել են բջիջներիառուցվածքի, ազդանշանների փոխանցման և նյութափոխանակության հետ կապված գործընթացներ, որոնք կարևոր մեխանիզմներ են ծերացման և քրոնիկ հիվանդությունների զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, սննդակարգի առանձին մոդելներում ի հայտ են եկել նաև յուրահատուկ առանձնահատկություններ։ Օրինակ՝ DASH դիետան կապված է եղել սրտի աշխատանքի հետ առնչվող գործընթացների փոփոխության հետ, իսկ MIND-ը՝ ճանաչողական ֆունկցիաների և հիշողության հետ։
Սննդի որակի և էպիգենետիկ ծերացման միջև ավելի արտահայտված կապ է նկատվել ծխողների շրջանում։ Հեղինակները ենթադրում են, որ ծխելու ուժեղ բացասական ազդեցությանը ենթարկվող մարդկանց մոտ առողջ սննդակարգի հնարավոր օգուտն ավելի ակնառու է դառնում։
Հետազոտության հեղինակները ընդգծում են, որ ստացված արդյունքները հաստատում են ընդհանուր եզրակացությունը. առողջ ծերացման համար շատ ավելի կարևոր է ընդհանուր առմամբ որակյալ սննդակարգ պահպանելը, քան մեկ «իդեալական» դիետա փնտրելը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day