Դեռահասության տարիքում մարմնի ավելի բարձր զանգվածը զուգորդվում է օրգանիզմի արագացված ծերացման հետ. IJO

24 սեպտեմբերի, 2026  08:49

Դեռահասության տարիքում մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսը (ՄԶԻ) տասնամյակներ անց զուգորդվում է օրգանիզմի ավելի արագ կենսաբանական ծերացման հետ: Նման եզրահանգման են եկել ֆինն գիտնականները՝ վերլուծելով 1980 թվականին մեկնարկած բազմամյա հետազոտության տվյալները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են International Journal of Obesity (IJO) պարբերականում:

Հետազոտողներն ուսումնասիրել են «Երիտասարդ ֆինների շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը» ծրագրի 2045 մասնակցի տվյալները: Գիտնականները համադրել են մանկուց մինչև հասուն տարիք հավաքագրված ՄԶԻ ցուցանիշները (քաշի և հասակի հարաբերակցությունը) ծերացման էպիգենետիկ մարկերների հետ, որոնք թույլ են տալիս գնահատել օրգանիզմի կենսաբանական տարիքն ու ծերացման տեմպը:

Պարզվել է, որ հենց դեռահասության շրջանում արձանագրված բարձր ՄԶԻ-ն է ընդհանուր առմամբ ավելի սերտորեն կապված եղել արագացված կենսաբանական ծերացման հետ, քան այդ տարիներին քաշի ավելացման բուն արագությունը: Ամենաընդգծված կապը նկատվել է այն մարդկանց շրջանում, ում բարձր ՄԶԻ-ն ուղեկցվել է մարմնի ավելի մեծ զանգված ունենալու գենետիկ նախատրամադրվածությամբ:

Ծերացումը գնահատելու համար գիտնականները կիրառել են «էպիգենետիկ ժամացույցների» մի քանի մեթոդ, որոնք հիմնված են ԴՆԹ-ի մեթիլացման վերլուծության վրա: Ամենահամոզիչ արդյունքներն ստացվել են DunedinPACE համակարգի միջոցով, որը չափում է հենց կենսաբանական ծերացման արագությունը:

Հետազոտողները կիրառել են նաև մենդելյան պատահականացման մեթոդը՝ ստուգելու համար բարձր ՄԶԻ-ի հնարավոր պատճառահետևանքային ազդեցությունը: Գենետիկական վերլուծություններից մեկի արդյունքները հաստատել են այդ հավանականությունը: Այնուամենայնիվ, հասուն տարիքում ունեցած ՄԶԻ-ն հաշվի առնելուց հետո այդ կապն էապես թուլացել է՝ կորցնելով վիճակագրական հավաստիությունը:

Հեղինակները շեշտում են, որ ՄԶԻ-ն լոկ միջնորդավորված ցուցանիշ է և թույլ չի տալիս տարբերակել ճարպային զանգվածը մկանայինից: Բացի այդ, հետազոտությանը մասնակցել են հիմնականում Ֆինլանդիայի եվրոպոիդ բնակիչները, որի պատճառով արդյունքները չի կարելի մեխանիկորեն տարածել այլ բնակչական խմբերի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում