• Latest news▼

Անտառում վիրտուալ զբոսանքն ու դասական երաժշտությունն օգնել են ավելի արագ իջեցնել պացիենտների ճնշումը

26 սեպտեմբերի, 2026  13:34

Անտառում վիրտուալ զբոսանքի և դասական երաժշտության համադրությունն օգնել է զարկերակային բարձր ճնշում ունեցող պացիենտներին ավելի արագ իջեցնել այն բուժման առաջին 15 րոպեում։ Նման արդյունք է ցույց տվել Անհետաձգելի բժշկության եվրոպական կոնգրեսում ներկայացված հետազոտությունը, հայտնում է Անհետաձգելի բժշկության եվրոպական միությունը (EUSEM):

Փորձարկմանը մասնակցել է շտապ օգնության բաժանմունք ընդունված 130 չափահաս պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել էր հիպերտենզիվ անհետաձգելի վիճակ (արյան ճնշման կտրուկ բարձրացում՝ առանց թիրախ-օրգանների սուր վնասման)։ Բոլորն էլ ստանդարտ դեղորայքային բուժում են ստացել։

Այնուհետև հիմնական խմբի 65 պացիենտի տրամադրվել են վիրտուալ իրականության (VR) ակնոցներ։ Նրանք հայտնվել են բնության գրկում և տեսել են բարձր ծառերի արանքով հոսող գետ և փայտե կախովի կամուրջ։ Միաժամանակ պացիենտները սմարթֆոնով լսել են դասական երաժշտություն, այդ թվում՝ Բախի, Մոցարտի, Դեբյուսիի, Վիվալդիի, Չայկովսկու, Սեն-Սանսի, Հայդնի և Կորելլիի ստեղծագործությունները։ Ստուգիչ խմբում ընդգրկված մյուս 65 մասնակիցները լրացուցիչ միջամտություն չեն ստացել։

Հետազոտողները ճնշումը չափել են 15, 30, 60, 90 և 120 րոպե անց՝ գնահատելով միջին զարկերակային ճնշումը (MAP), որն արտացոլում է արյան միջին ճնշումը սրտային ցիկլի ընթացքում:

15 րոպե անց միջին ճնշումը նվազել է նաև ստուգիչ խմբում, սակայն VR-սեանսն ուղեկցվել է նաև տագնապայնության զգալի նվազմամբ։ Ընդ որում, հետազոտության սկզբում հիմնական խմբի մասնակիցները միջինում ավելի տագնապած են եղել, քան ստուգիչ խմբի պացիենտները։ Դիտարկման ընթացքում էմոցիոնալ տագնապայնության ցուցանիշը VR-խմբում նվազել է մոտ 8 միավորով, մինչդեռ ստուգիչ խմբում՝ ընդամենը 4-ով:

Մասնագետները ենթադրում են, որ դրական արդյունքը կապված է տագնապի նվազման հետ։ Ուժեղ անհանգստությունն ակտիվացնում է սթրեսային ռեակցիաները, ինչը բարձրացնում է ճնշումը, իսկ շտապ օգնության բաժանմունքի աղմուկը, վառ լույսն ու անորոշությունն ավելի են սրում վիճակը:

Այդուհանդերձ, հետազոտությունը թույլ չի տալիս հստակ պարզել, թե հատկապես ինչն է ապահովել նման ազդեցությունը (վիրտուալ իրականությունը, երաժշտությունը, թե՞ դրանց համադրությունը)։

Հեղինակները շեշտում են, որ VR-ն ու երաժշտությունը կիրառվել են որպես դեղորայքային բուժման հավելում և չեն փոխարինել դրան։

Ըստ հետազոտողների՝ ստացված արդյունքները փաստում են, որ այս մոտեցումը կարելի է կիրառել որպես պարզ ու մատչելի միջոց՝ օգնելով պացիենտներին թուլանալ և բուժման վաղ փուլում փոքր-ինչ արագացնել ճնշման իջեցումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll