Նոթինգհեմի համալսարանի գիտնականներն արագ թեստ են մշակել, որը թույլ է տալիս ուղեղի ուռուցքների որոշ տեսակներ ախտորոշել հենց վիրահատության ընթացքում։ Նոր մեթոդն արդեն սկսել են կիրառել Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգում (NHS), հայտնում է The Guardian-ը։
Մշակումն իրականացրել են Նոթինգհեմի համալսարանին կից Ուղեղի ուռուցքների առաջատար հետազոտությունների կենտրոնի մասնագետները։ Այն հնարավորություն է տալիս ախտորոշիչ տվյալներ ստանալ մոտ երկու ժամվա ընթացքում (շաբաթներ տևող սպասման փոխարեն)։
Այժմ ուռուցքի նմուշառումից մինչև վերջնական ախտորոշումը որոշ դեպքերում կարող է տևել մինչև ութ շաբաթ։ Նոր թեստը զգալիորեն կրճատում է այդ ժամկետը, ինչն, ըստ մասնագետների, բժիշկներին թույլ կտա շատ ավելի արագ կողմնորոշվել բուժման հետագա մարտավարության հարցում։
Սա հատկապես կարևոր է անհապաղ բուժում պահանջող պացիենտների համար։ Վաղ հասցված ճշգրիտ ախտորոշումը որոշ հիվանդների հնարավորություն կտա նաև ավելի արագ ընդգրկվել թերապիայի նոր մեթոդների կլինիկական փորձարկումներում։
Նախագծի հեղինակներն այս մշակումն անվանում են լուրջ առաջընթաց ուղեղի ուռուցքների ախտորոշման ոլորտում։ NHS-ի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Ֆրենկի Սվորդսը նշել է, որ թեստը կարող է արմատապես փոխել նման հիվանդությունների ախտորոշման մոտեցումը։
Նրա խոսքով՝ արդյունքն անհամեմատ արագ ստանալու հնարավորությունը վճռորոշ նշանակություն կունենա այն պացիենտների համար, ովքեր երկար սպասելու ժամանակ պարզապես չունեն։
Գիտնականներն ընդգծում են, որ նոր մեթոդը նախատեսված չէ ախտորոշման բոլոր գոյություն ունեցող եղանակները փոխարինելու համար. դրա նպատակը ուռուցքի տեսակի մասին կարևորագույն տեղեկատվության ստացումն արագացնելն է։ Հենց վիրահատության ընթացքում դա անելու հնարավորությունը թույլ է տալիս անմիջապես վիրահատական միջամտությունից անցնել բուժման հաջորդ փուլերին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում