• Latest news▼

Գիտնականները քաղցկեղային բջիջների մետաստազավորման ընթացքում «դադար» են հայտնաբերել. դադարի ընթացքում դրանք առավել խոցելի են դառնում

30 սեպտեմբերի, 2026  08:26

Իսպանիայի ուռուցքաբանական ազգային հետազոտական կենտրոնի (CNIO) հետազոտողները ուղեղում մետաստազների ձևավորման նախկինում անհայտ փուլ են հայտնաբերել։ Պարզվել է, որ նոր օրգան թափանցելուց հետո քաղցկեղային բջիջները որոշ ժամանակ դադարեցնում են ակտիվ բազմացումը և հարմարվում միջավայրին։ Այս ընթացքում դրանք հատկապես խոցելի են դեղամիջոցների ազդեցության նկատմամբ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Cancer Cell» ամսագրում։ Ավելի քան վեց տարի տևած աշխատանքին մասնակցել է Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շուրջ 20 գիտական հաստատություններից ավելի քան 70 գիտնական։

Մետաստազավորումը՝ սկզբնական ուռուցքից քաղցկեղային բջիջների այլ օրգաններ տարածումը, քաղցկեղից մահացությունների մեծ մասի պատճառ է։ Ընդ որում, մետաստազների ձևավորման վաղ փուլերը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն. նոր օրգանում առաջացող միկրոմետաստազները չափազանց փոքր են, որպեսզի հնարավոր լինի դրանք հայտնաբերել ախտորոշման ժամանակակից մեթոդներով։

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում քաղցկեղային բջիջների հետ ուղեղ թափանցելուց հետո։ Նոր օրգանը դրանց համար լրիվ այլ ու անբարենպաստ միջավայր է, ուստի շատ բջիջներ ոչնչանում են։ Իսկ նրանք, որոնց հաջողվում է ողջ մնալ, անցնում են մի վիճակի, որը գիտնականներն անվանել են «պրոլիֆերատիվ դադար»։

Այս ընթացքում բջիջները ժամանակավորապես դադարեցնում են ագրեսիվ վարքագիծը և կենտրոնանում նոր միջավայրին հարմարվելու վրա։ Ինչպես ցույց են տվել փորձարկումները, հենց այս առանձնահատկությունն է ձևավորվող միկրոմետաստազները խոցելի դարձնում։

Գիտնականները պարզել են այն մոլեկուլային գործընթացները, որոնք օգնում են բջիջներին հաղթահարել հարմարվողականության շրջանը, ապա փորձարկել են երեք դեղամիջոց, որոնք ազդում են համապատասխան մոլեկուլային թիրախների վրա։ Մկների վրա արված փորձերում բոլոր երեք դեղամիջոցներն էլ թույլ են տվել ոչնչացնել միկրոմետաստազները նախքան դրանց՝ կլինիկորեն հայտնաբերելի ուռուցքների վերածվելը։ Երեք դեղամիջոցներից երկուսն արդեն հաստատված են բժշկական այլ կիրառությունների համար։

Ստացված արդյունքները հետազոտողները լրացուցիչ ստուգել են մարդկային հյուսվածքների վրա։ Հատկապես կարևոր են եղել բրիտանական PEACE կոնսորցիումից ստացված նմուշները, որտեղ պահվում են պացիենտների դիահերձումներից ստացված ուռուցքային հյուսվածքներ։ Նման նյութը թույլ է տալիս հայտնաբերել այնպիսի միկրոմետաստազներ, որոնք կենդանության օրոք աննկատ են մնացել փոքր չափերի պատճառով։

Դրանից հետո գիտնականները հաստատել են բացահայտված մոլեկուլային առանձնահատկությունները իսպանական RENACER կոնսորցիումից ստացված՝ արդեն ձևավորված մետաստազներով պացիենտների նմուշների վրա։

Հետազոտությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ նաև վիրահատությունից հետո ուռուցքի կրկնությունը կանխելու համար։ Պարզվել է, որ միկրոմետաստազավորման խոցելի փուլին բնորոշ գործընթացները նման են նրանց, որոնք տեղի են ունենում արդեն ձևավորված մետաստազների ծայրերում՝ այն հատվածներում, որտեղ ուռուցքային բջիջները շարունակում են տարածվել արյան անոթների պատերի երկայնքով։

Ուստի այն դեղամիջոցները, որոնք փորձերում արդյունավետ են գտնվել միկրոմետաստազների դեմ, լաբորատոր պայմաններում կարողացել են կասեցնել նաև մարդկային մետաստազների նմանատիպ հատվածների ակտիվությունը։

Այնուամենայնիվ, այս արդյունքները դեռ չեն նշանակում, որ պացիենտների մոտ հնարավոր է կանխել կամ բուժել մետաստազներն այս եղանակով։ Առկա ախտորոշիչ մեթոդներով անհնար է հուսալիորեն հայտնաբերել միկրոմետաստազները, իսկ դեղամիջոցների արդյունավետությունը դեռ պետք է ստուգվի կլինիկական փորձարկումներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll