Հարավկորեացի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային սիգարետներում մենթոլի բուրավետիչը ոչ միայն թարմացնող համ է հաղորդում գոլորշուն, այլև նկատելիորեն ուժեղացնում է օրգանիզմի վրա նիկոտինի ազդեցությունը։ Հանրաճանաչ հավելման թաքնված վտանգն ապացուցող հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Chemical Neuroscience գիտական ամսագրում։
Փորձարկման ընթացքում 81 արու առնետի տեղավորել են թափանցիկ խցիկում, որտեղ հատուկ սարքի միջոցով աերոզոլ է մատակարարվել։ Գիտնականները համեմատել են մաքուր ալկալոիդ պարունակող և մենթոլով խառնուրդով գոլորշու ազդեցությունը։ Կրծողներին ներշնչումներ են տվել հինգրոպեանոց ընդմիջումներով, ինչից հետո արյան մեջ չափել են տոքսինի ու դրա քայքայման արգասիքների մակարդակը։ Հետազոտողները հետևել են նաև կենդանիների մարմնի ջերմաստիճանին․ դրա իջեցումը ջերմակարգավորման վրա ազդող հոգեակտիվ նյութի ընդունման հայտնի ֆիզիոլոգիական ռեակցիան է։
Արդյունքում մենթոլի հետ համադրությունը զգալիորեն փոխել է նյութափոխանակությունը։ Եթե սովորական ազդեցության դեպքում կրծողների մարմնի ջերմաստիճանն ավելի արագ էր վերականգնվում, ապա մենթոլային խառնուրդ ստացած խմբի մոտ նկատելի իջեցումը պահպանվել է նույնիսկ ներշնչումից 120 րոպե անց։ Բացի այդ, այս կենդանիների արյան մեջ հայտնաբերվել է մետաբոլիտների ավելի բարձր մակարդակ, իսկ նյութի ազդեցությունն առնետների մոտ դրսևորվել է շատ ավելի ցայտուն կերպով։ Սա ապացուցում է, որ անանուխի հավելումը գործում է որպես խթանիչ՝ երկարաձգելով արյան շրջանառության համակարգում տոքսինի առկայությունը։
«Ամենակարևորն այն է, որ մենթոլը չի կարելի դիտարկել լոկ որպես պասիվ համային հավելում»,— ընդգծել է հետազոտության առաջատար հեղինակ Սոն Շուն Յունը։ Նրա խոսքով՝ կրծողների վրա ստացված տվյալները համոզիչ կերպով փաստում են, որ բուրավետիչը փոխում է ինչպես ֆիզիոլոգիական ազդեցությունների, այնպես էլ այն ներքին ազդանշանների ինտենսիվությունն ու տևողությունը, որոնք ուղեղն ստանում է հոգեակտիվ միացությունից։
Առաջիկայում լաբորատորիան նախատեսում է պարզել, թե հատկապես ինչպես է մենթոլը փոխում նյարդային իմպուլսների փոխանցումն ուղեղում, և ստուգել՝ արդյոք տարբերություններ կան նյութի նկատմամբ արուների և էգերի ռեակցիաների միջև։
Բուրավետացված հեղուկների օգտագործումը վաղուց է վեճեր հարուցում բժիշկների շրջանում։ Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Եվրամիության պետություններում և ԱՄՆ-ում, արդեն իսկ գործում են հավելումներով սիգարետների վաճառքի սահմանափակումներ, քանի որ դրանք քողարկում են ծխելու դառնությունը և գրավում երիտասարդությանը։ Նոր տվյալները ցույց են տալիս, որ մենթոլը կրկնակի սպառնալիք է ներկայացնում՝ ուղղակիորեն ազդելով այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմը յուրացնում վտանգավոր ալկալոիդը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day