Ամբողջական մրգերի հաճախակի օգտագործումը կապված է հիպերտոնիայի, խոլեստերինի բարձր մակարդակի, սրտի իշեմիկ հիվանդության և ինֆարկտի ցածր ռիսկի հետ, մինչդեռ մրգահյութը նման ազդեցություն չի ունենում։ Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Դակոտայի համալսարանի հետազոտողները՝ վերլուծելով 371 հազար մարդու տվյալները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Current Developments in Nutrition (CDN) ամսագրում։
Մասնակիցներին խնդրել են հայտնել, թե որքան հաճախ են ամբողջական մրգեր և 100%-անոց մրգահյութ օգտագործում։ Գիտնականների հաշվարկներով՝ մասնակիցներն ամբողջական միրգ կերել են օրական միջինում 1․06 անգամ, իսկ հյութ խմել են մոտավորապես երեք օրը մեկ։
Տարիքը, եկամուտը, կրթությունն ու ծխելու հանգամանքը հաշվի առնելուց հետո պարզվել է, որ ամբողջական մրգերի ավելի շատ օգտագործումը կապված է հիպերտոնիայի, խոլեստերինի բարձր մակարդակի, սրտի իշեմիկ հիվանդության և ինֆարկտի ավելի ցածր ռիսկի հետ։ Մրգահյութի պարագայում նման օրինաչափություն չի հայտնաբերվել։ Վիճակագրորեն նշանակալի կապեր են ի հայտ եկել միայն առանձին դեպքերում և հստակ պատկեր չեն ձևավորել։
Հետազոտողները ենթադրում են, որ ամբողջական մրգերի առավելությունը կարող է պայմանավորված լինել դրանցում սննդային մանրաթելերի և պոլիֆենոլների պարունակությամբ։ Հյութ պատրաստելիս բջջանյութի զգալի մասը հեռացվում է, ինչն իր հերթին կարող է ազդել ըմպելիքն օգտագործելուց հետո արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակի բարձրացման արագության վրա։
Միևնույն ժամանակ, աշխատանքը չի ապացուցում, որ հենց մրգերն են ուղղակիորեն կանխարգելում սրտանոթային հիվանդությունները։ Հեղինակները նշում են, որ ստացված կապը հաստատելու համար ավելի երկարատև հետազոտություններ են անհրաժեշտ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day