• Latest news▼

Հայաստանում տարեկան արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1600 նոր դեպք

6 հոկտեմբերի, 2026  13:12

Հայաստանում տարեկան կտրվածքով կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1600 նոր դեպք է ախտորոշվում։ Ընդ որում, գրանցված դեպքերի բացարձակ թվի աճը պարտադիր չէ, որ վկայի իրավիճակի վատթարացման մասին. պարզապես հիվանդությունը սկսել են ավելի հաճախ և ավելի վաղ փուլերում հայտնաբերել։ Այս մասին ասել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայության և միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ տարիքը շարունակում է մնալ ռիսկի հիմնական գործոններից մեկը։ Կրծքագեղձի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ, իսկ տարիքի հետ հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է։

Ավետիսյանը նշել է, որ այսօր Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերումը շատ ավելի ակտիվ է դարձել։ Դրան, ըստ նրա, նպաստում են ինչպես պետական ծրագրերն ու բժիշկների աշխատանքը, այնպես էլ հանրության իրազեկվածության բարձրացումը։

Փոխվել է նաև հենց պացիենտների վարքագիծը։ Եթե նախկինում կինը կարող էր իր մոտ փոփոխություններ նկատել, բայց բժշկի չդիմել, քանի որ ոչինչ չէր ցավում կամ անհանգստացնում, ապա ավելի ուշ սկսեցին դիմել կասկածելի ախտանիշ նկատելուն պես։ Իսկ այժմ բժիշկները նոր միտում են նկատում. կանայք գալիս են կանխարգելիչ հետազոտությունների շնորհիվ, որոնց ընթացքում հիվանդությունը հայտնաբերվում է դեռևս մինչև գանգատների ի հայտ գալը։

«Որակյալ բուժումը միայն լավ բժիշկ գտնելը կամ որակյալ դեղորայք ստանալը չէ։ Պայքարի առաջնագիծը դա չէ»,- նշել է Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է հիվանդությունն անախտանիշ փուլում հայտնաբերելուց, այսինքն՝ երբ կինը դեռ ոչ մի գանգատ կամ ուռուցքի նշան չունի։ Եվ արդեն դրանից հետո միայն բուժհամակարգը պետք է պացիենտին որակյալ բուժում ապահովի։

Մեր նպատակն է թույլ չտալ, որ պացիենտը մահանա մի հիվանդությունից, որը հաջողությամբ բուժվում է

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացումն ամբողջությամբ կանխելն անհնար է, սակայն բուժհամակարգի գլխավոր նպատակն է՝ թույլ չտալ, որ պացիենտները մահանան մի հիվանդությունից, որն այսօր հաճախ հաջողությամբ բուժվում է, բացատրել է Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն ավելի քան հինգ տարի իրականացվում են համալիր միջոցառումներ՝ ուղղված հիվանդության վաղ հայտնաբերմանն ու բուժման հասանելիության բարձրացմանը։ Մահացության ցուցանիշի փոփոխության վերաբերյալ դեռևս հստակ հաշվարկներ չկան, քանի որ արդյունքները գնահատելու համար ժամանակ է պետք։ Չնայած դրան՝ Ավետիսյանը կարծում է, որ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել։

Նա նկատել է, որ Հայաստանը մեկնարկել է համեմատաբար ոչ այնքան բարենպաստ դիրքից, ուստի այստեղ մահացությունը նվազեցնելու ներուժը կարող է շատ ավելի մեծ լինել, քան այն երկրներում, որտեղ քաղցկեղով պացիենտներին օգնելու համակարգն ավելի վաղ է ձևավորվել։ Ըստ Ավետիսյանի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նպատակ է դրել համաշխարհային մասշտաբով կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը տարեկան նվազեցնել մոտ 2,5%-ով։ Այս փուլում Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր է պահպանել արդեն իսկ ձեռք բերված արդյունքներն ու շարունակել աշխատանքը ժամանակակից չափանիշներին համապատասխան։

Որպես առանցքային գործոն՝ մասնագետն առանձնացրել է բնակչության ընդգրկվածությունը. որքան շատ կանայք են մասնակցում կանխարգելիչ հետազոտություններին և վաղ հայտնաբերման ծրագրերին, այնքան մեծանում է հիվանդությունն այն փուլում հայտնաբերելու շանսը, երբ այն լավագույնս է ենթարկվում բուժման։ Միևնույն ժամանակ, աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդները սրընթաց փոխվում են։ Ավետիսյանի խոսքով՝ 21-րդ դարում բժիշկներն ավելի հաճախ բուժում են ոչ թե պարզապես «կրծքագեղձի քաղցկեղը»՝ որպես մեկ ընդհանուր հիվանդություն, այլ կոնկրետ ուռուցքը՝ հաշվի առնելով դրա կենսաբանական առանձնահատկությունները։

Այդ իսկ պատճառով, ինչպես ընդգծել է մասնագետը, այսօր ավելի կարևոր է ոչ թե նշանակված դեղամիջոցների քանակը, այլ հենց տվյալ ուռուցքին համապատասխանող, առավելագույնս ճշգրիտ թիրախային թերապիա ընտրելը։

Ամենաթանկ սարքն անգամ անօգուտ է, եթե կինը դրան չի հասնում

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրերում կանանց ընդգրկվածությունը դեռևս ցանկալի մակարդակից ցածր է, հատկապես եթե հաշվի առնենք Երևանի և մարզերի միջև եղած տարբերությունը, նշել է Ավետիսյանը։ «Մենք դեռ հեռու ենք ցանկալի պատկերից, բայց մեծ քայլերով առաջ ենք շարժվում»,- ասել է նա՝ իրավիճակը բացատրելով կոնկրետ օրինակով։

Եթե, օրինակ, որևէ բնակավայրում ապրում է թիրախային խմբի մեջ մտնող 1000 կին և բոլորին առաջարկվում է մամոգրաֆիա անցնել, ապա կարող է արձագանքել և գնալ միայն 30%-ը, ասում է Ավետիսյանը։ Մինչդեռ միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1000 կնոջ շրջանում կարող է ի հայտ գալ քաղցկեղի առնվազն 20 դեպք։ Եվ եթե հետազոտվում է կանանց միայն 30%-ը, բժիշկները կկարողանան գտնել այդ 20 դեպքից միայն հինգը։ Մնացած 15 կինը կշարունակի ապրել իր սովորական կյանքով՝ անգամ չկասկածելով, որ հիվանդ է։ «Նրանք, միևնույն է, կիմանան այդ մասին, բայց արդեն շատ ավելի ուշ»,- ընդգծել է մասնագետը։

Ավետիսյանը շեշտել է, որ հենց այս պատճառով միայն սարքավորումներ գնելը բավարար չէ։ Անգամ եթե պետությունը կամ հիվանդանոցը գնի ամենաթանկ սարքը, այն որևէ արդյունք չի տա, եթե կինը պարզապես չգնա հետազոտության։ Ուստի սքրինինգային ծրագրի արդյունավետության գլխավոր նախապայմանը ոչ միայն մամոգրաֆիայի հասանելիությունն է, այլև հենց իրենց՝ կանանց մասնակցությունը։

«Ես կուզեի խնդրել մեր բոլոր կանանց՝ հիշե՛ք, որ գեղեցիկ սանրվածքը, մատնահարդարման սրահ գնալը կամ ճաշակով ընտրված հագուստը լոկ դեկորացիաներ են կյանքի բեմում։ Ամենակարևորը առողջությունն է։ Ուստի կոչ եմ անում ձեզ, սիրելի՛ կանայք, այն նույն ոգևորությամբ, որով հերթագրվում եք այդպիսի պրոցեդուրաների համար, ու շատ ավելի մեծ պատասխանատվությամբ՝ պարբերաբար կանխարգելիչ հետազոտություններ անցեք։ Երբեմն բավական է դա անել նույնիսկ երկու տարին մեկ անգամ»,- եզրափակել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll