• Latest news▼

Հայաստանում IV փուլում հայտնաբերվող կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի տեսակարար կշիռը 40%-ից նվազել է մինչև 13%

6 հոկտեմբերի, 2026  12:22

Հայաստանում էապես նվազել է կրծքագեղձի քաղցկեղի IV փուլում հայտնաբերման ցուցանիշը։ Եթե 2018 թվականին հիվանդության ուշացած դեպքերը կազմում էին շուրջ 40%, ապա 2025–2026 թվականներին այդ թիվը նվազել է՝ հասնելով 13%-ի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը։

Նրա խոսքով՝ նման դրական դինամիկան առաջին հերթին պայմանավորված է պետական ծրագրերով, որոնց շնորհիվ կանայք սկսել են ավելի վաղ դիմել բժշկի։ Արդյունքում այսօր կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի գերակշիռ մասը ախտորոշվում է I–III փուլերում։

Միևնույն ժամանակ, Գյոքչյանւ նշել է, որ բարձրացել է նաև բուժման հասանելիության մակարդակը։ Վիրահատական միջամտություններն այժմ անվճար են, անվճար հիմունքներով է տրամադրվում նաև ճառագայթային թերապիայի 24 սեանսը։ Պետությունն ապահովում է պացիենտներին քիմիաթերապևտիկ և թիրախային այլ դեղամիջոցներով, որոնք նախկինում անհասանելի էին բարձր արժեքի պատճառով։

Խորհրդատուն անդրադարձել է նաև «Տրաստուզումաբ» դեղով ապահովման ծրագրին։ Նրա տվյալներով՝ 2020 թվականից ի վեր պետական ծրագրի շրջանակում այդ դեղամիջոցն ստացել է շուրջ 1,5 հազար կին։ Բուժման հասանելիությունը, ինչպես նշել է Գյոքչյանը, հնարավորություն է տալիս կանխել հիվանդության առաջխաղացումն ու IV փուլին անցումը։

2026 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրում ընդգրկվել են նաև մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանայք։ Ծրագրի շրջանակում ուռուցքաբանական պացիենտները կարող են ստանալ թանկարժեք դեղորայք՝ տարեկան մինչև 1,2 մլն դրամի չափով։

Գյոքչյանի գնահատմամբ՝ վաղ դիմելիության, ախտորոշման և բուժման տարբեր մեթոդների հասանելիության համադրության շնորհիվ Հայաստանում հաջողվել է ձևավորել կրծքագեղձի քաղցկեղով պացիենտներին ցուցաբերվող օգնության գրեթե ամբողջական շղթա, ինչն էլ արտացոլվում է IV փուլում հայտնաբերվող դեպքերի կտրուկ նվազման մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll