• Latest news▼

Մարդու խոսելաձևը կարող է ի ցույց դնել ուղեղի ծերացման վաղ նշանները․ հետազոտություն

7 հոկտեմբերի, 2026  08:44

Մարդու խոսելաձևը կարող է շատ ավելին պատմել նրա առողջության և ծերացման գործընթացի մասին, քան նախկինում ընդունված էր համարել։ Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները, որի ընթացքում կիրառվել է «խոսքի ժամացույց» կոչվող համակարգչային ավտոմատացված գործիքը։ Ըստ հետազոտողների՝ մարդու խոսքային տարիքը լոկ ձայնի առանձնահատկություն չէ. այն արտացոլում է օրգանիզմում ընթացող խորքային գործընթացները և կարող է դառնալ կենսաբանական ծերացումը չափելու մատչելի, ոչ ինվազիվ (առանց միջամտության) և ավտոմատացված այլընտրանք։

«Ըստ ամենայնի, մեր ձայնը ծերացման մասին շատ ավելի շատ տեղեկություն է պարունակում, քան մենք նախկինում պատկերացնում էինք»,— Euronews-ի փոխանցմամբ՝ ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, Դուբլինի Թրինիթի քոլեջի գիտնական Ագուստին Իբանյեսը։

Ավտոմատացված ծրագիրը հաշվարկել է մարդու խոսքային տարիքը և այն համադրել անձնագրային իրական տարիքի հետ՝ ցույց տալով՝ արդյոք անձի խոսքը հնչում է իր տարիքից երիտասա՞րդ, համապատասխանո՞ւմ է նորմային, թե՞ ավելի ծեր է թվում։ Սա թույլ է տալիս հասկանալ, թե որքանով է բնականոն ընթանում ծերացման գործընթացը։

«Այն արձանագրում է ինչպես ժամանակագրական տարիքը, այնպես էլ կոգնիտիվ գործառույթներից, ուղեղից, օրգանիզմի կենսաբանությունից և անգամ տարիների ընթացքում մեր ձևավորած սոցիալական միջավայրից եկող ազդակները»,— հավելել է նա։

Հետազոտողներն ուսումնասիրել են Լատինական Ամերիկայի տարբեր երկրների շուրջ 3000 իսպանախոս չափահասների ձայնագրություններ։ Մասնակիցները կատարել են մի շարք առաջադրանքներ. վերապատմել են կարճ անիմացիոն ֆիլմ, 20 րոպե անց կրկին պատմել են լսած պատմությունը և թվարկել են որոշակի խմբերի պատկանող առարկաներ։

Կիրառելով մեքենայական ուսուցման մեթոդներ՝ գիտնականների թիմն ուսումնասիրել է հարյուրավոր ցուցանիշներ, որոնք արտացոլում են, թե ինչպես և ինչ են խոսում մարդիկ՝ սկսած խոսքի արագությունից ու դադարներից մինչև ձայնի բարձրությունը, հուզական երանգավորումը, բառապաշարը և իմաստային ճշգրտությունը։ Այս ամենն արվել է ժամանակագրական տարիքը գնահատելու և յուրաքանչյուր անհատի «խոսքային և իրական տարիքների տարբերությունը» հաշվարկելու համար։

«Խոսքի ժամացույցը» թույլ է տվել տարբերակել առողջ մարդկանց դեմենցիա ունեցող պացիենտներից։ Առողջ մասնակիցների դեպքում խոսքային և օրացուցային տարիքի միջև տարբերությունը նվազագույն է եղել, մինչդեռ Ալցհայմերի հիվանդությամբ և ճակատաքունքային դեմենցիայի տարբեր ձևերով տառապող մարդկանց մոտ այդ տարբերությունն աստիճանաբար մեծացել է։

Այն մարդկանց մոտ, ում խոսքն ավելի «ծեր» էր հնչում իրենց իրական տարիքի համեմատ, ի հայտ են եկել մի շարք կենսաբանական և կլինիկական համակարգերի արագացված ծերացման նշաններ։ Գլխուղեղի ՄՌՏ հետազոտությունները ցույց են տվել դրա կառուցվածքի ակնհայտ կորուստներ և փոփոխված ակտիվություն։

Խոսքի ավելի բարձր «տարիքը» կապված է եղել նաև արյան մեջ p-Tau217 սպիտակուցի բարձր մակարդակի հետ, որն Ալցհայմերի հիվանդության հիմնական ցուցիչներից է։

Ավելի «ծեր» խոսք ունեցող մասնակիցներն ավելի վատ են հանձնել հիշողության, կենտրոնացման և խնդիրներ լուծելու թեստերը։ Այս օրինաչափությունը դրսևորվել է ոչ միայն լեզվական առաջադրանքներում, այլև ոչ վերբալ թեստերում, օրինակ՝ տեսողական հիշողությունը ստուգելիս։

«Ավելի լայն իմաստով արդյունքը տպավորիչ է նրանով, որ մարդու ձայնը կարող է զարմանալիորեն ամփոփ պատկեր տալ ծերացման միանգամից մի քանի չափումների վերաբերյալ»,— նշել է Իբանյեսը։

Այնպիսի գործոններ, ինչպիսիք են ժամանակագրական տարիքը, ուղեղի ծերացումը, ճանաչողական ունակությունները, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ տեսակների դրսևորումները, սովորաբար գնահատվում են բոլորովին տարբեր ու հաճախ թանկարժեք գործիքներով։ Սակայն, նրա խոսքով, կարծես թե այդ ամենն ի վերջո արտացոլվում է հենց խոսքի առանձնահատկություններում։

Հեղինակները նշում են, որ կենսաբանական ծերացման գնահատման ներկայիս մեթոդներից շատերը պահանջում են ՄՌՏ սարքավորումներ, արյան անալիզներ կամ մասնագիտացված կլինիկական քննություն։ Իսկ ահա «խոսքի ժամացույցը» մատչելի, ոչ ինվազիվ և ամբողջովին ավտոմատացված այլընտրանք է, որը կարելի է կիրառել հեռավար ձևաչափով՝ սովորական սարքերի միջոցով, առանց նեղ մասնագետների ներգրավման։

Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ «խոսքի ժամացույցը» դեռևս դեմենցիայի ախտորոշիչ թեստ չէ և առայժմ թույլ չի տալիս պարզել՝ արդյոք ավելի «ծեր» խոսքային պրոֆիլը կանխատեսում է ճանաչողական խանգարումների հետագա զարգացում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll