• Latest news▼

Դեկաֆը բարելավել է հիշողությունը, իսկ կոֆեինով սուրճը՝ ոչ․ Nature Communications

7 հոկտեմբերի, 2026  14:50

Փորձարկման ընթացքում առանց կոֆեինի սուրճը բարելավել է մասնակիցների հիշողությունը, մինչդեռ սովորական կոֆեինային սուրճը նման ազդեցություն չի ունեցել։ Այս մասին պարզել են Ջոն Քրայանը և Իռլանդիայի Քորքի համալսարանական քոլեջից նրա գործընկերները, որոնք ուսումնասիրում են աղիների և ուղեղի կապը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է սուրճի 31 սիրահար: Սկզբում բոլորը երկու շաբաթով հրաժարվել են օրական 3-5 բաժակ սուրճ խմելու սովորությունից, իսկ այնուհետև երեք շաբաթ շարունակ ամեն օր խմել են չորս չափաբաժին լուծվող սուրճ․ մասնակիցների կեսը ստացել է դեկաֆ (առանց կոֆեինի սուրճ), մյուս կեսը՝ կոֆեինով սուրճ, ընդ որում՝ ոչ մասնակիցները, ոչ էլ փորձարկողները չգիտեին, թե ում որ տեսակն է բաժին հասել։ Արդյունքներով՝ միայն դեկաֆ խմողների մոտ են նկատելիորեն բարելավվել հիշողության թեստերի արդյունքները՝ բառերի մտապահումն ու օբյեկտների տեղադրության որոշման ճշգրտությունը:

Ընդ որում, երկու խմբերում էլ նվազել է սթրեսի, ճնշվածության և իմպուլսիվության մակարդակը, իսկ կոֆեինով սուրճը լրացուցիչ նվազեցրել է տագնապայնությունն ու բարելավել ուշադրությունը: Ամենակարևորն այն է, որ սուրճը փոխել է աղիքային միկրոբիոտայի կազմը՝ անկախ նրանից, թե դրանում կոֆեին եղել է, թե ոչ: Հեղինակների կարծիքով՝ պատճառը պոլիֆենոլներն են․ այս նյութերը սնունդ են ծառայում աղիքային օգտակար մանրէների համար, իսկ վերջիններս «աղիներ-ուղեղ» առանցքի միջոցով ազդում են ճանաչողական գործառույթների և տրամադրության վրա՝ շրջանցելով նյարդային համակարգի վրա կոֆեինի ուղղակի ազդեցությունը:

«Սուրճը շատ ավելին է, քան ուղղակի կոֆեինը: Սա բարդ սննդային գործոն է, որը փոխազդում է մեր աղիքային մանրէների, նյութափոխանակության և նույնիսկ հուզական վիճակի հետ», — նշել է Քրայանը: Եթե եզրահանգումները հաստատվեն, սա կարող է փոխել դեկաֆի նկատմամբ սովորական վերաբերմունքը:

Հեղինակներն, այնուամենայնիվ, զգուշավորության կոչ են անում: Հետազոտության ընտրանքը բավականին փոքր էր՝ ընդամենը 31 մարդ, իսկ դիտարկումը տևել է մի քանի շաբաթ, որի պատճառով հեռուն գնացող հետևություններ անելը դեռ վաղ է․ ազդեցությունը դեռ պետք է հաստատվի ավելի մեծ ու բազմազան խմբերի վրա և դիտարկվի ավելի երկար ժամանակահատվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll