Ձիավարությունը կարող է նվազեցնել աուտիզմ ունեցող երեխաների հիպերակտիվությունը և օգնել հաղթահարել հուզական և վարքային դժվարությունները, այդ թվում և այն երեխաների մոտ, որոնք ունեն ուղեկցող հոգեկան խանգարումներ։ Այսպիսի եզրահանգման են եկել Անշուտցի Կոլորադոյի համալսարանի հետազոտողները։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում՝ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ։
Հետազոտությունը հետազոտողների նախորդ աշխատանքի շարունակությունն է, այն ցույց է տվել, որ ութից տասը շաբաթ տևողությամբ թերապևտիկ ձիավարության ծրագիրը կարող է օգտակար լինել աուտիզմ ունեցող երեխաների համար: Այս անգամ հետազոտողները ցանկացել են տեսնել, թե արդյոք արդյունքները կկրկնվեն այլ կենտրոնում, և արդյոք ձիավարության հետ կապված գործունեությունը կարող է օգնել երեխաներին նույնիսկ կենդանիների հետ անմիջական շփման կամ ձիավարության բացակայության դեպքում:
Հետազոտությանը մասնակցել են աուտիզմ և ուղեկցող հոգեկան խանգարումներ ունեցող երեխաներ: Նրանք բաժանվել են երեք խմբի. մեկը մասնակցել է ձիավարության, մյուսը՝ ձիավարության հետ կապված գործունեության, բայց չի շփվել ձիերի հետ, երրորդը սպասել է դասերի սկսվելուն:
Ձիավարությանը մասնակցած երեխաները ցույց են տվել հիպերակտիվության զգալիորեն ավելի մեծ նվազում, քան մյուս երկու խմբերի մասնակիցները: Միևնույն ժամանակ, ձիավարության հետ կապված ծրագրերին մասնակցող երկու խմբերն էլ ցույց են տվել բարելավումներ սպասման ցուցակում ընդգրկված խմբի համեմատ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են դյուրագրգռությունը, հուզական կարգավորումը և սոցիալական փոխազդեցությունը:
«Ձիավարության մեջ մի ինչ-որ յուրահատուկ բան կա, որը հատկապես օգնում է հիպերակտիվություն ունեցող երեխաներին», - նշել է հետազոտության ղեկավար, Անշուտցի Կոլորադոյի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր, Կոլորադոյի մանկական հիվանդանոցի կլինիկական հոգեբան Ռոբին Գեբրիելսը: Նա նշել է, որ թերապիան ձիերի մասնակցությամբ կարող է լրացնել բուժման առկա մեթոդները։
Հետազոտողները հատուկ ուսումնասիրել են, թե արդյոք երեխաները պետք է ձիավարեն՝ նման գործունեությունից օգուտ քաղելու համար: Երկրորդ խմբի մասնակիցները կատարել են ձիերի հետ կապված առաջադրանքներ, այդ թվում՝ շփվել են լիարժեք չափի խաղալիք ձիու, բայց չեն շփվել իրական կենդանիների հետ: Նրանք նաև ցույց են տվել բարելավումներ մի քանի վարքային և հուզական ցուցանիշներում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում