Նույն տարիքի երկու մարդկանց իմունային համակարգերը կարող են տարբեր կերպ ծերանալ, ինչն ազդում է քրոնիկական հիվանդությունների առաջացման և վաղաժամ մահվան ռիսկի վրա: Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի, Օհայոյի Nationwide Children's Hospital-ի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները հայտնաբերել են կենսաբանական նշաններ, որոնք կարող են օգնել գնահատել, թե որքան բարեհաջող է ծերանում իմունային համակարգը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Immunity ամսագրում: Հեղինակները ենթադրում են, որ իրենց հայտնագործությունը կարող է ի վերջո հանգեցնել ՝ հիվանդության ռիսկի վաղ հայտնաբերման համար արյան անալիզ մշակելուն նույնիսկ ախտանիշների ի հայտ գալուց առաջ։
Գիտնականները վերլուծել են մոտավորապես 12.4 միլիոն անհատական իմունային բջիջներ, որոնք ստացվել են 20-90 և ավելի մեծ տարիքի 2 609 հիմնականում առողջ անհատների արյան նմուշներից: Մասնակիցները ներկայացրել են ութ հետազոտական խմբեր Հյուսիսային Ամերիկայից, Միացյալ Թագավորությունից, Ասիայից և Ավստրալիայից:
Երիտասարդների արյան մեջ հիմնականում հայտնվել են միամիտ իմունային բջիջներ (նրանք, ովքեր դեռևս չեն հանդիպել որոշակի հարուցիչների և պահպանել են նոր վարակներին և պատվաստանյութերին արձագանքելու ունակությունը): Պատկերն ավելի բազմազան է եղել տարեց մասնակիցների մոտ. ոմանց մոտ ավելի շատ իմունային բջիջներ են եղել, որոնք կապված էին բորբոքային պրոցեսների հետ:
Իմունային համակարգի ծերացման տարբերությունները գնահատելու համար հետազոտողներն ուսումնասիրել են երկու տեսակի բջիջների՝ գրանզիմ B և գրանզիմ K արտադրողների հարաբերակցությունը: Այս սպիտակուցները մասնակցում են որոշակի սպիտակ արյան բջիջների, մասնավորապես CD8 էֆեկտոր և հիշողության T-բջիջների ֆունկցիային: Գրանզիմ B-ն օգնում է ոչնչացնել վնասված բջիջները, մինչդեռ գրանզիմ K-ի դերն այնքան էլ հասկանալի չէ. ենթադրվում է, որ այն մասնակցում է իմունային համակարգի այլ բաղադրիչներ ներգրավող ազդանշանների հաղորդմանը։
Առողջության հետագա պատմության վերլուծությունը ցույց է տվել, որ այն անհատները, որոնց իմունային համակարգերում սկզբնապես գերակշռել են գրանզիմ B արտադրող բջիջները, տարիների ընթացքում մահվան ավելի բարձր ռիսկ են ունեցել: Այս խմբում նաև ավելի հաճախ էին առաջանում քրոնիկական հիվանդություններ, այդ թվում՝ 2-րդ տեսակի դիաբետ, հիպերտոնիա, լյարդի հիվանդություն և երիկամային անբավարարություն։
Հետազոտողների կարծիքով՝ գրանզիմ K արտադրող բջիջների հարաբերական դերը իմունային համակարգում աստիճանաբար մեծանում է տարիքի հետ մեկտեղ: Գրանզիմ B արտադրող բջիջների գերակշռումը կարող է վկայել ծերացման ոչ այնքան բարենպաստ հետագծի մասին: Քանի որ նման փոփոխությունները կարող են տեղի ունենալ տարեց հասակից շատ առաջ, նույն տարիքի մարդիկ կարող են զգալիորեն տարբերվել քրոնիկական հիվանդություններ ունենալու ռիսկի առումով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում