Ճապոնական ծիրանը (ումե) կարող է օգնել պայքարել Helicobacter pylori բակտերիայի դեմ։ Այն առաջացնում է ստամոքսի բորբոքում և մեծացնում քաղցկեղի զարգացման ռիսկը։ Նման եզրահանգման են եկել չինացի գիտնականները, որոնք հայտնաբերել են այս մրգի էքստրակտի հակաբակտերիալ հատկությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են 17 ուտելի բույսերի էքստրակտները՝ Helicobacter pylori-ն ճնշելու ունակ բնական նյութեր գտնելու նպատակով։ Ամենախոստումնալիցը թերևս ճապոնական ծիրանն էր, որը հայտնի է նաև մումե անվամբ։ Պարզվել է, որ այս մրգի էքստրակտը ճնշում է բակտերիայի աճը (այդ թվում՝ մի քանի հակաբիոտիկների նկատմամբ կայուն տեսակների մոտ)։ Բացի այդ, այն նվազեցնում է այն գեների ակտիվությունը, որոնց շնորհիվ բակտերիան վնասում է ստամոքսի բջիջները։
Մկների վրա կատարված փորձարկումներում էքստրակտը նվազեցրել է բորբոքումը և նպաստել ստամոքսի լորձաթաղանթի վերականգնմանը։ Մարդու բջիջների վրա արված փորձերը նույնպես հաստատել են դրա պաշտպանական հատկությունները։
Գիտնականները պարզել են, որ կարևոր դեր կարող են խաղալ պտուղներում պարունակվող օրգանական թթուները։ Դրանք փոխազդում են CagA սպիտակուցի հետ, որն օգնում է բակտերիային վնասել բջիջները և կապված է ստամոքսի քաղցկեղի բարձր ռիսկի հետ։
Հեղինակները կարծում են, որ ճապոնական ծիրանը կարող է հիմք դառնալ Helicobacter pylori-ի դեմ օժանդակ միջոցներ ստեղծելու համար։ Այնուամենայնիվ, բակտերիայից ազատվելու մասին հաստատված ապացույցներ դեռ չկան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում