Տևական քունը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց երիկամների վնասման բարձր ռիսկի հետ։ Այսպիսի եզրահանգման են հանգել Ճապոնիայի Ձյունտենդոյի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Endocrine Society (JES) ամսագրում:
Հետազոտողներն ուսումնասիրել են 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող 678 մարդու տվյալներ, որոնց առողջական վիճակին հետևել են մոտ վեց տարի: Գիտնականները գնահատել են մասնակիցների քնի տևողությունը և հետևել դիաբետիկ նեֆրոպաթիայի զարգացմանը՝ հիվանդություն, որի դեպքում արյան մեջ շաքարի բարձր մակարդակն աստիճանաբար վնասում է երիկամները:
Պարզվել է, որ սովորաբար ավելի երկար քնող մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգացել կամ հարաճել դիաբետիկ նեֆրոպաթիան։ Այս կապը հատկապես արտահայտված է եղել տարեց մասնակիցների և այն բուժառուների շրջանում, որոնք արդեն իսկ ունեին երիկամների աշխատանքի խանգարման նշաններ:
Նման նշաններից են մեզի մեջ փոքր քանակությամբ սպիտակուցի հայտնվելը և երիկամների՝ արյունը զտելու ունակության նվազումը: Ըստ հետազոտողների՝ դիաբետիկ նեֆրոպաթիա ունի շաքարային դիաբետով մարդկանց մոտ 30–40 տոկոսը և ծանր դեպքերում կարող է հանգեցնել երիկամային անբավարարության:
Գիտնականները ենթադրում են, որ տևական քունը կարող է ոչ թե երիկամների վնասման պատճառ լինել, այլ՝ առողջական այլ խանգարումների նշան, որոնք մեծացնում են դիաբետի բարդությունների ռիսկը:
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը դիտարկողական բնույթի է և չի ապացուցում, որ տևական քունն անմիջականորեն վնասում է երիկամները: Ուստի այս արդյունքների հիման վրա չարժե կրճատել քնի տևողությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում