Հոկտեմբերի 13-ին կայացավ «Ծխախոտի օգտագործման դադարեցման գործընթացի խթանումը եվրոպական ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների առողջապահական համակարգերում» (ACTS) ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը։
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ծխախոտից հրաժարմանն աջակցող տարբեր մեթոդների արդյունավետությունը և գնահատել առողջապահական հաստատություններում դրանց կիրառման հնարավորությունները։
ACTS ծրագիրն իրականացվելու է Հայաստանում, Վրաստանում, Սերբիայում և Ալբանիայում՝ Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական բժշկական կենտրոնի (UKE) համակարգմամբ։
Հայաստանում հետազոտության շրջանակում նախատեսվում է ընդգրկել շուրջ 340 մասնակցի՝ 8 պիլոտային բուժհաստատությունից՝ 4 պոլիկլինիկայից և 4 մասնագիտացված բուժհաստատությունից։
Կուսումնասիրվի ծխախոտից հրաժարմանն աջակցող երեք մոտեցման արդյունավետությունը՝
բժշկի խորհրդատվություն, բջջային հավելվածի կիրառում, նիկոտինային փոխարինող դեղամիջոցների օգտագործում։Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև բուժաշխատողների վերապատրաստում, հայերեն տեղեկատվական նյութերի մշակում, ինչպես նաև ծխող անձանց կարիքների և կարծիքների ուսումնասիրություն։
Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան գնահատելու, թե աջակցության որ մեթոդներն են առավել արդյունավետ և կիրառելի Հայաստանի առողջապահական համակարգում՝ հիմք ստեղծելով ծխախոտից հրաժարմանն աջակցող ծառայությունների զարգացման, բնակչության առողջության բարելավման և ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման համար։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) ծրագրի շրջանակում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում