Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետություններին կոչ է արել ավելի վճռական քայլեր ձեռնարկել բնակչությանը կապարով թունավորումից պաշտպանելու ուղղությամբ։ ԱՀԿ հայտարարության համաձայն՝ նման թունավորման հետևանքով տարեկան ավելի քան 3,5 միլիոն մարդ է մահանում, ընդ որում՝ կապարն առանձնակի վտանգ է ներկայացնում երեխաների համար։
Կազմակերպությունում ընդգծել են, որ խոսքը «առողջապահական տարածված, բայց կանխարգելելի սպառնալիքի մասին է, որն, ըստ գնահատականների, աշխարհում տարեկան ավելի քան 3,5 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում»։ Ռիսկի գոտում են գտնվում «հարյուր միլիոնավոր երեխաներ»։ ԱՀԿ-ն միջազգային համայնքից ակնկալում է «կապարի ազդեցության կանխարգելմանն ուղղված միջոցառումների ակտիվացում»։ Առողջության համար վնասակար ազդեցության աղբյուր կարող են հանդիսանալ «ներկերը, խոհանոցային սպասքը, կոսմետիկան, համեմունքները, թափոնների վերամշակման արհեստագործական եղանակները, արդյունաբերական աղտոտումը և այլն»։ Ընդ որում՝ «կապարի ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի․ նույնիսկ համեմատաբար ցածր չափաբաժինները կարող են անդառնալի վնաս հասցնել առողջությանը»։
ԱՀԿ կոչը հնչել է Կապարով թունավորման կանխարգելման միջազգային շաբաթվա ընդառաջ, որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 18-ից 24-ը։ Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել «գլոբալ մակարդակում կապարով թունավորման հիմնախնդրի լուծմանն ուղղված քաղաքական կամքի աճի վրա»։ Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն արձանագրել է, որ, չնայած թունավորման կանխարգելման ոլորտում վերջին տասնամյակներում աշխարհում գրանցված առաջընթացին, «երկրների կեսից էլ պակասն է ներդրել կապար պարունակող ներկերի նկատմամբ իրավաբանորեն պարտադիր վերահսկողության միջոցներ»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում