Ամերիկյան Eli Lilly դեղագործական ընկերությունը մշակել է քաշի նվազեցման «ռետատրուտիդ» անունով փորձարարական դեղամիջոցը: Երրորդ փուլի կլինիկական փորձարկումներում այն ապահովել է մարմնի զանգվածի կորուստ, որն ավելի քան երկու անգամ գերազանցել է «Օզեմպիկի» առավելագույն դեղաչափի ցուցանիշը: Ընկերությունը հետազոտության արդյունքները հրապարակել է հոկտեմբերի 28-ին, հայտնում է ABC News-ը:
TRANSCEND-T2D-2 փորձարկմանը մասնակցել է երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող 1298 չափահաս: 80 շաբաթվա ընթացքում մասնակիցներն ամեն շաբաթ ստացել են ռետատրուտիդի կամ «Օզեմպիկի» ներարկումներ:
«Ռետատրուտիդի 9 մգ դեղաչափի դեպքում մասնակիցները միջինում կորցրել են 20,1 կգ, իսկ 12 մգ դեղաչափի դեպքում՝ 21,5 կգ: Համեմատության համար նշենք, որ «Օզեմպիկի» առավելագույն դեղաչափի (2 մգ) դեպքում քաշի միջին նվազումը կազմել է 9,5 կգ»,- հայտնում է պարբերականը:
Ռետատրուտիդն առավել արդյունավետ է նվազեցրել նաև գլիկացված հեմոգլոբինի մակարդակը, որը մի քանի ամսվա ընթացքում արյան մեջ շաքարի միջին մակարդակն արտացոլող ցուցանիշ է: Այն նվազել է 2,2 տոկոսային կետով՝ «Օզեմպիկ» ընդունողների 1,8 կետի դիմաց:
Ի տարբերություն «Օզեմպիկի», որն ազդում է GLP-1 հորմոնալ մեկ ընկալիչի վրա, ռետատրուտիդը նմանակում է միանգամից երեք հորմոնների՝ GLP-1-ի, GIP-ի և գլյուկագոնի ազդեցությունը: Դրանք մասնակցում են ախորժակի, արյան մեջ շաքարի մակարդակի և նյութափոխանակության կարգավորմանը:
Ընդ որում, դեղամիջոցը դեռևս հաստատված չէ բժշկական կիրառման համար: Eli Lilly-ն նախատեսում է դրա գրանցման հայտ ներկայացնել ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության վարչություն (FDA) 2027 թվականի սկզբին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում