Տա՞ք թե սառը. ինչպիսի՞ ջրով արժե լվացվել ձմռանը

29 նոյեմբերի, 2014  10:42

Որոշ մարդիկ ձմռանը շարունակում են լվացվել սառը ջրով, ինչպես ամռանը: Ոմանք էլ ցրտերն ընկնելուն պես միանգամից տաք ջրի են անցնում: Փորձենք պարզել, ինչ կարծիքի են մասնագետները. ինչպիսի՞ ջրով է պետք լվացվել ձմռանը:

Ինչպես մաշկա-վեներաբան Կարեն Վարդանյանն է նշել, սառը ջերմաստիճանի ազդեցության տակ մաշկը սովորաբար չորանում է, այդ իսկ պատճառով, սառը ջուրը նույնպես մաշկը չորացնելու հատկություն ունի: Բացի այդ, Հայաստանում ջուրը քլորացվում է, քլորն էլ իր հերթին բացասաբար է ազդում մաշկի վրա եւ նույնպես չորացնում է այն: Այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ, երբ մաշկը չափազանց չորանում է, NEWS.am Medicine-ը բազմիցս անդրադարձել է: Հիշեցնենք միայն, որ բազմաթիվ մաշկային հիվանդություններ սրվում են հենց ցրտի եւ դրա հետեւանքով առաջացող մաշկի չորության պատճառով:

Միեւնույն ժամանակ, տաք ջուրն էլ այնքան էլ օգտակար չէ մաշկի համար (նույնիսկ կարծիք կա, որ այն նպաստում է մաշկի՝ վաղ ծերացմանը), այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ սենյակային ջերմաստիճանի ջուրն ամենաօպտիմալն է տարվա ցանկացած եղանակին: Իսկ եթե պացիենտը «խնդրահարույց» մաշկ կամ մաշկային հիվանդություններ ունի, մասնագետները կարող են խորհուրդ տալ «հավաքած» ջրով լվացվել. դրա համար պետք է ծորակի ջուրը ինչ-որ տարայում հավաքել եւ մեկ օր պահել՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Քլորի պարունակությունը այդպիսի ջրի մեջ նվազում է, ու այն «խնդրահարույց» մաշկի համար ավելի ընդունելի է դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում