Երկու խոշոր միջազգային հետազոտություններ համոզիչ ապացույցներ են տրամադրել, որ ոչ ինվազիվ թեստերը կարող են ճշգրիտ ախտորոշել և չափել նյութափոխանակային խանգարման հետ կապված լյարդի ստեատոզի (MASLD) և դրա ավելի ծանր ձևի՝ MASH-ի ծանրությունը՝ նվազեցնելով լյարդի կենսազննումից կախվածությունը: The Lancet-ում և Nature Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունները լյարդի հիվանդությունների ախտորոշիչ գործիքների գնահատման խոշորագույն միջազգային՝ LITMUS ծրագրի մաս են կազմում:
The Lancet բժշկագիտական հանդեսում հրապարակված LITMUS-ի գլխավոր հետազոտությունում վերլուծվել են 1500 բուժառուների արյան անալիզների և ուլտրաձայնային հետազոտության միջոցով լյարդի կարծրության չափումների արդյունքները: Դա իր տեսակի մեջ ամենախոշոր միջազգային հետազոտությունն է:
Nature Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված ուղեկցող LITMUS Imaging Study հետազոտությունում ուսումնասիրվել են մագնսիառեզոնանսային շերտագրության և էլաստոգրաֆիայի առաջադեմ մեթոդները՝ ավելի քան 350 բուժառուների օրինակով:
Հետազոտությունների համահեղինակ, պրոֆեսոր Քվենտին Էնստին նշել է. «Ընդհանուր առմամբ, այս աշխատանքները մեզ առավել ամբողջական պատկերացում են տալիս, թե որ ախտորոշիչ թեստերն են արդյունավետ լյարդի հիվանդությունների դեպքում և ինչպես կարելի է դրանք միավորել մի համակարգում, որը հեշտությամբ կներդրվի առողջապահության մեջ: Լյարդի սաստկացող սպիացման և ցիրոզի բուժման համար մենք այժմ բավականաչափ արդյունավետ գործիքներ ունենք, որոնք կարող ենք օգտագործել լիակատար վստահությամբ,- գրում է «Научная Россия»-ն:- Լյարդի ակտիվ բորբոքման հայտնաբերումը դեռևս մնում է բարդ խնդիր, սակայն հայտնվում են հուսադրող ոչ ինվազիվ թեստեր»:
Լյարդի ախտահարմամբ ուղեկցվող նյութափոխանակային համախտանիշը հանդիպում է աշխարհի յուրաքանչյուր երրորդ չափահաս մարդու և ճաարպակալումից կամ 2-րդ տիպի դիաբետից տառապող 10 մարդուց 7-ի շրջանում:
Լյարդի ախտահարմամբ նյութափոխանակային համախտանիշի բուժման համար առաջին արտոնագրված դեղամիջոցների՝ կլինիկական գործելակերպի ներդրմանը զուգընթաց, աճում է հիվանդության ախտորոշման և մոնիտորինգի ճշգրիտ ոչ ինվազիվ մեթոդների պահանջարկը:
Հետազոտություններում գնահատվել են արյան անալիզի, պատկերման և էլաստոգրաֆիայի վրա հիմնված տասնյակ բիոմարկերներ՝ ինչպես ամենաժամանակակից, այնպես էլ առօրյա ախտորոշիչ թեստեր, որոնք բժիշկներն արդեն օգտագործում են, և համեմատվել են դրանց ճշգրտությունը փորձառու ախտաբանական կազմախոսության մասնագետների՝ պաթոլոգոանատոմների իրականացրած լյարդի կենսազննման արդյունքների հետ:
Ստացված արդյունքները ներկայացնում են հուսալի, հեռանկարային և անկախ տվյալներ, որոնք ստացվել են բուժառուների մեծ բազմազգ ընտրանքների վրա և, ըստ հետազոտողների, լյարդի հիվանդությունների ոչ ինվազիվ ախտորոշման առավել իրատեսական ցուցանիշներն են:
Հետազոտությունների հիմնական եզրակացությունները.
Լյարդի սաստկացող ֆիբրոզի (սպիացման) և ցիրոզի դեպքում SOMAScan պրոտեոմային վահանակը, մագնիսառեզոնանսային էլաստոգրաֆիան (ՄՌԷ) և FibroScan-ի հիմքով էլաստոգրաֆիան, ներառյալ Agile 3+ սանդղակը, ապահովել են ախտորոշման ամենաբարձր ճշգրտությունը:
ELF և ADAPT արյան անալիզները գերազանցել են ցիրոզի հայտնաբերման համար նախապես սահմանված շեմային արժեքները:
Ռիսկային խմբի բուժառուների հայտնաբերման համար (այն խումբը, որին ուղղված են կլինիկական հետազոտությունների մեծ մասը) միայն SOMAScan վահանակն է համապատասխանել ճշգրտության նախապես սահմանված շեմային արժեքին:
Գամմա- գլուտամիլտրանսֆերազի պարզ և մատչելի արյան անալիզը գերազանցում է լայնորեն կիրառվող FIB-4 ցուցանիշին՝ որպես առաջին գծի գնահատման գործիք, որին կարող են հաջորդել FibroScan-ը կամ ELF-թեստավորումը՝ սովորական բուժման ընթացքում հիվանդության ծանրությունը հաստատելու համար:
Ստացված արդյունքները հաստատում են ախտորոշման պարզեցված մեթոդը, որը հետագա վավերացումից հետո կարող է կիրառվել առողջապահական բոլոր համակարգերում. օգտագործել գամմա-ԳՏ-ն՝ որպես սկզբնական սկրինինգային թեստ, այնուհետև ELF-ը կամ FibroScan-ը՝ հավելյալ հետազոտություն պահանջող բուժառուների համար, իսկ մասնագիտացված օգնություն տրամադրելու համար նախատեսված ընդլայնված պատկերումը:
Այս մոտեցումը ավելի շատ բուժառուների կօգնի ճշգրիտ ախտորոշում ստանալ՝ առանց լյարդի ինվազիվ կենսազննման, ընդ որում՝ մասնագետների ռեսուրսները կուղղվեն այնտեղ, որտեղ դրանք առավել շատ են անհրաժեշտ:
Ստացված արդյունքները կարևոր նշանակություն ունեն նաև MASH-ի կլինիկական հետազոտությունների համար: Քանի որ կարգավորող մարմինները պահանջում են հաստատել, որ MASH ունեցող բուժառուը ռիսկային խմբում է՝ ուշ փուլերի հետազոտություններին մասնակցելու համար, լյարդի կենսազննումը, ամենայն հավանականությամբ, դեռևս անհրաժեշտ կլինի: Ընդսմին, SOMAScan-ի բարձր արդյունավետությունը վկայում է այն մասին, որ այս մեթոդը կարող է լայն տարածում ձեռք բերել:
LITMUS Imaging Study հետազոտությունը նաև ցույց է տվել, որ էլաստոգրաֆիայի մեթոդները լավ են համապատասխանում լյարդի սաստկացող ֆիբրոզի և ցիրոզի հայտնաբերման համար, ընդ որում՝ մագնիսառեզոնանսային էլաստոգրաֆիան գերազանցում է FibroScan-ի միջոցով լյարդի կարծրության չափմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում