Հայաստանում «Բուժաշխատողների շահերի պաշտպան» հասարակական կազմակերպությունը պաշտոնապես ազդարարել է իր գործունեության մեկնարկը։ Կազմակերպությունը զբաղվելու է բժիշկների և ոլորտի այլ ներկայացուցիչների իրավական պաշտպանությամբ, նրանց իրավունքների չհիմնավորված սահմանափակումների կանխարգելմամբ և մասնագիտական համբավի պաշտպանությամբ։ Մեկնարկի մասին կազմակերպության հիմնադրման արարողությանը հայտնել է դրա հիմնադիր, փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:
Նա նշել է, որ կազմակերպություն ստեղծելու միտքն առաջացել է բուժաշխատողների, ներառյալ՝ շտապօգնության բրիգադների նկատմամբ ագրեսիայի և բռնության հաճախակիացած դեպքերի մասին լուրերից հետո։ Մասնավորապես, խոսքը հիվանդների հարազատների հարձակումների մասին է, որոնք դժգոհ են եղել, որ բժիշկները իբր ուշ են հասել կանչին և չեն կարողացել փրկել հիվանդի կյանքը:
«Հասկանալով հանդերձ ընտանիքի անդամին կորցրած քաղաքացու հոգեվիճակը, միաժամանակ նաև պետք է հասկանալ, որ բուժաշխատողը կարող է տվյալ պարագայում ընդհանրապես մեղքի բաժին չունենալ, պայմանավորված հազար ու մի գործոններով»,- նշել է փաստաբանը:
Ուսումնասիրելով առողջապահության ոլորտում առկա իրավիճակը՝ Ոսկանյանը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանում փաստացի բացակայում է բուժաշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված կառույց։
Նա ուշադրություն է հրավիրել բուժհաստատություններում բուժառուների մահվան փաստերով քրեական վարույթների, մեռելածնության, ենթադրյալ բժշկական սխալների, ինչպես նաև պլաստիկ վիրահատությունների և այլ բժշկական միջամտությունների արդյունքների դեմ բողոքներին առնչվող խնդիրների վրա:
Փաստաբանը նշել է, որ նույնիսկ եթե բժշկի մեղքը հաստատված չէ, քրեական վարույթը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ իրավունքների սահմանափակում, ֆինանսական ծախսեր և հոգեբանական տրավմաներ, ազատության սահմանափակման սպառնալիք և վնաս մասնագիտական համբավին:
«Այսինքն, ստեղծվում են իրավիճակներ, երբ որ բժիշկը երկար տարիներ շարունակ գիշեր ցերեկ հերթապահություններով աշխատելով՝ ձեռք է բերել մասնագիտական փայլուն ունակություններ և հեղինակություն, սակայն մի պատահական և ընդհանրապես իրենից չկախված դեպքի հետ շահարկվող հարցերի արդյունքում նույն բժիշկը անմիջապես կարող է հեղինակազրկվել»,- ընդգծել է Ոսկանյանը:
Ինչ ծառայություններ է մատուցելու կազմակերպությունը
Կազմակերպության գլխավոր առաքելությունն է բուժաշխատողներին աջակցել օրենքով չարգելված բոլոր միջոցներով, կանխել նրանց իրավունքների և օրինական շահերի չհիմնավորված սահմանափակումները, ինչպես նաև պաշտպանել մասնագիտական համբավը:
Գործունեությունն ընդգրկելու է մի քանի ուղղություն.
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Ոսկանյանը հայտնել է, որ հիմնադրման պահին կազմակերպությունում կա ինը հոգի, որոնք բոլորն էլ իրավաբաններ են: Հետագայում կազմը նախատեսվում է ընդլայնել բժիշկների և առողջապահության ոլորտի այլ ներկայացուցիչների հաշվին, ընդհուպ՝ նրանց կազմակերպության խորհրդի կազմում ներառելը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք կազմակերպությունը պաշտպանելո՞ւ է բժիշկներին գործատուների հետ աշխատանքային վեճերում և պետական կառույցների հետ ընդհարումներում, Ոսկանյանը նշել է, որ պատրաստ է ներկայացնել բուժաշխատողների շահերը նաև պետական ու վարչական մարմինների հետ հարաբերություններում:
«Եթե ես հայտարարում եմ, որ զբաղվում եմ բուժաշխատողների շահերի պաշտպանությամբ և ստանձնում եմ այդպիսի պատասխանատվություն, ապա չեմ կարող ասել, որ կպաշտպանեմ բժշկին բուժառուի հետ վեճում, բայց չեմ պաշտպանի պետության կամ պետական մարմնի հետ վեճում: Դա կհակասեր կազմակերպության բուն նպատակին»,- հայտարարել է փաստաբանը:
Նա նաև հաստատել է բուժշխատողներին պաշտպանելու պատրաստակամությունը, որոնց իրավունքները խախտվում են քաղաքական հայացքների կամ հանրային դիրքորոշման արտահայտման պատճառով՝ ընդգծելով, որ դա չի նշանակում կազմակերպության հատուկ քաղաքական օրակարգի առկայություն:
Միևնույն ժամանակ, բուժաշխատողի և գործատուի միջև աշխատանքային վեճերում հնարավոր է շահերի բախում, եթե երկու կողմերն էլ կազմակերպության անդամ են կամ օգտվում են դրա ծառայություններից: Նման դեպքերում կազմակերպությունը չի կարող հանդես գալ մեկ մասնակցի կողմից՝ ի վնաս մյուսի: Ըստ Ոսկանյանի՝ կազմակերպությունը կարող է նպաստել բախման կարգավորմանը և հանդես գալ որպես միջնորդ: Եթե հաշտեցումն անհնար է, կազմակերպությունը չի ներկայացնի իր մի անդամի շահեն ընդդեմ մյուսի:
Արդյոք կազմակերպությունը պաշտպանելու է բժիշկներին սոցիալական ցանցերում մեղադրանքներից
NEWS.am Medicine-ի թղթակցը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է կազմակերպությունը մտադիր արձագանքել սոցիալական ցանցերում բժիշկների դեմ ուղղված արշավներին, երբ բուժառուները հրապարակայնորեն մեղադրում են բժիշկներին ոչ պրոֆեսիոնալիզմի կամ խախտումների մեջ: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր նրան՝ ինչպես տարբերել զրպարտությունը անձնական կարծիքի արտահայտումից, եթե կոնկրետ դեպքով դատական վճիռ դեռևս չկա:
Ոսկանյանը պարզաբանել է, որ նման իրավիճակները վերաբերում են քաղաքացիաիրավական հարաբերությունների ոլորտին: Վիրավորանքի և զրպարտության գործեր քննարկելիս, ըստ նրա, կարևոր նշանակություն ունի ապացուցման բեռի բաշխումը. որոշակի պնդումներ առաջ քաշող կողմը պետք է պատրաստ լինի հիմնավորել դրանք օրենքով սահմանված կարգով:
Որպես օրինակ՝ փաստաբանը բերել է մի իրավիճակ, երբ սոցիալական ցանցերի օգտատերը բժշկին հրապարակայնորեն հանցագործ է անվանում՝ այդ պնդումը հաստատելու հնարավորության չունենալով:
«Յուրաքանչյուրի կողմից կատարված արտահայտությունը կատարվում է տվյալ անձի ռիսկով։ Այսինքն՝ անձը պիտի հասկանա, որ եթե ինքը ինչ-որ արտահայտություն է անում, ապա դրա համար, կենցաղային լեզվով ասած՝ պետք է նաև պատասխանատվություն կրի»,- ընդգծել է Ոսկանյանը:
Ըստ նրա՝ վիրավորանքի կամ զրպարտության առկայությունը և պատասխանատվության հարցը պետք է հաստատվեն դատական կարգով, որտեղ կողմերը ներկայացնում են սեփական փաստարկներն ու ապացույցները:
Այսպիսով, նոր հասարակական կազմակերպությունը մտադրված է զբաղվել ոչ միայն քրեական և քաղաքացիական գործերի շրջանակներում բուժաշխատողների պաշտպանությամբ, այլև նրանց մասնագիտական, աշխատանքային և օրինական շահերին առնչվող հարցերի ավելի լայն շրջանակով:
Իր գործունեության համար կազմակերպությունն ընտրել է հետևյալ կարգախոսը. «Պաշտպանված բուժաշխատող՝ անվտանգ առողջապահական համակարգ»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day