✕

Արգանդի վզիկի քաղցկեղից մահացության թիվը մինչև 2050 թվականը կաճի 39,3%-ով. Nature Medicine

4 նոյեմբերի, 2026  18:41

Ռուսաստանցի և արտասահմանցի բժիշկները պարզել են, որ դարի կեսերին արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը կավելանա 20%-ով․ ամեն տարի այս ուռուցքի ավելի քան 1,05 միլիոն նոր դեպք կհայտնաբերվի: Դրա մասին ասվում է Nature Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունում:

Գիտնականների կանխատեսմամբ՝ նորագոյացությունից մահացությունը կաճի 39,3%-ով:

Ըստ Nature Medicine-ի նյութի՝ 2018 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը համաշխարհային հանրությանը կոչ էր արել ամբողջությամբ վերացնել արգանդի վզիկի քաղցկեղը, ինչը բժշկության պատմության մեջ առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր: Այդ կոչին աջակցել էին ՄԱԿ-ի բոլոր 194 անդամ երկրները, սակայն գիտնականների անցկացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայում ձեռնարկվող միջոցները բավարար չեն։

Բժիշկների միջազգային խումբը նման նման եզրակացության է հանգել Global Burden of Disease (GBD) առողջապահական գլոբալ նախագծի շրջանակում հերթական զեկույցի նախապատրաստման ժամանակ: Այն 1990 թվականից վարում են ԱՀԿ-ն, Սիեթլի Առողջության չափումների և գնահատման ինստիտուտը (IHME) և Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը: Նախագծի խնդիրն է համաշխարհային առողջապահության վրա ազդող միտումների հետևումը:

ԱՀԿ-ի փորձագետները՝ առաջատար ազգային գիտական ​​և բժշկական հաստատությունների, ներառյալ՝ Բարձրագույն տնտեսագիտական ​​դպրոցի (НИУ ВШЭ) և Սեչենովի համալսարանի մասնագետների հետ համատեղ, ուսումնասիրել են 204 երկրների պրոֆիլային բժշկական մարմինների 1990–2023 թվականների վիճակագրությունը: Նրանք վերլուծել են հավաքված տվյալները՝ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության և մահացության համաշխարհային իրավիճակի փոփոխությունները գնահատելու և կանխատեսում կառուցելու համար:

Պարզվել է, որ այս ժամանակահատվածում հիվանդության զարգացման հաճախականությունը գործնականում չի փոխվել, սակայն միջին մահացությունը նվազել է 17%-ով՝ պատվաստումների, սքրինինգի և կանխարգելման ուժեղացման շնորհիվ: Ուռուցքների մոտ 54%-ը հայտնաբերվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Այդ երկրների համար բնորոշ են նաև մեկ շնչին ընկնող ամենաբարձր ցուցանիշները, ինչը կապված է ենթակառուցվածքների բացակայության հետ:

Գիտնականների տվյալներով՝ 2023 թվականին աշխարհում գրանցվել է հիվանդության մոտ 887 հազար նոր դեպք և 369 հազար մահ: 2050 թվականի կանխատեսումը ենթադրում է ախտորոշումների տարեկան թվի աճ մինչև 1,08 միլիոն, իսկ մահերի թվի աճ՝ մինչև 522 հազար: Հիվանդացության ամենամեծ աճը սպասվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի երկրներում:

Գիտնականները եզրակացնում են, որ դա ընդգծում է կանանց պատվաստումների ինտենսիվացման և ուռուցքի դեմ պայքարի նոր միջոցների մշակման անհրաժեշտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում