✕

Գիտնականները ստեղծել են կրծքագեղձի քաղցկեղի մոլեկուլային քարտեզը և հայտնաբերել ուռուցքների՝ նախկինում անհայտ տեսակներ

5 նոյեմբերի, 2026  08:36

Հետազոտողները ստեղծել են կրծքագեղձի քաղցկեղի խոշորագույն մոլեկուլային քարտեզներից մեկը, որն ի հայտ է բերել ուռուցքների՝ նախկինում չբացահայտված տեսակներ և բուժման հնարավոր թիրախներ։ Ապագայում այս մշակումը թույլ կտա թերապիան ընտրել՝ հիմնվելով կոնկրետ ուռուցքի մոլեկուլային առանձնահատկությունների, այլ ոչ միայն դրա ստանդարտ դասակարգման վրա։

Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports Medicine ամսագրում: ԱՄՆ-ի Վանդերբիլտի ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները մեկտեղել են 22 անկախ հետազոտություններից ստացված՝ ավելի քան 7600 ուռուցքների վերաբերյալ տվյալներ։
Քարտեզի ստեղծման համար հետազոտողները վերլուծել են տրանսկրիպտոմները՝ ՌՆԹ մոլեկուլների ամբողջությունը, որն արտացոլում է ուռուցքում գեների ակտիվությունը։ Հաշվողական մեթոդների կիրառմամբ նրանք ուռուցքները խմբավորել են՝ ըստ ընդհանուր մոլեկուլային բնութագրերի, հիվանդության ընթացքի առանձնահատկությունների և բուժման նկատմամբ զգայունության։
Վերլուծությունը ցույց է տվել, որ կրծքագեղձի քաղցկեղի ավանդական կատեգորիաները միշտ չէ, որ արտացոլում են ուռուցքների միջև եղած կենսաբանական կարևոր տարբերությունները։ Մասնավորապես, էստրոգենի ընկալիչների ցածր մակարդակ ունեցող որոշ ուռուցքներ իրենց բնութագրերով ավելի շատ նման են էստրոգեն-ընկալիչ-բացասական քաղցկեղին, քան այն ուռուցքներին, որոնք սովորաբար դասվում են էստրոգեն-ընկալիչ-դրական տեսակին։ Սա կարող է կարևոր նշանակություն ունենալ թերապիայի ընտրության հարցում։
Գիտնականները նաև հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղի թաքնված նեյրոէնդոկրին տարատեսակ, որը ստանդարտ բուժումից հետո կապված է ոչ այնքան բարենպաստ ելքերի հետ։ Որպես նման ուռուցքի պոտենցիալ թիրախ՝ հետազոտողներն առանձնացրել են FGFR1 սպիտակուցը։

Բացի այդ, քարտեզի շնորհիվ հնարավոր է դարձել առանձնացնել HER2-դրական ուռուցքների այն ենթախմբերը, որոնք կարող են խիստ կախված լինել HER2 ազդանշանային ուղուց, ինչպես նաև կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ագրեսիվ տարատեսակը, որը հավանաբար զգայուն է ուռուցքի աճի որոշակի ազդանշանային մեխանիզմների վրա ներգործող դեղամիջոցների նկատմամբ։

Հետազոտողները մշակել են նաև գործիք, որը թույլ է տալիս ՌՆԹ-ի ստանդարտ սեքվենավորման արդյունքների հիման վրա ուռուցքները դասել բացահայտված մոլեկուլային ենթատեսակների շարքին։ Դա կարող է հեշտացնել քաղցկեղի նոր տարատեսակների հետագա ուսումնասիրությունն ու բուժման համապատասխան մեթոդների որոնումը։
Այնուամենայնիվ, առայժմ խոսքը հետազոտությունների համար նախատեսված հեռանկարային գործիքի, այլ ոչ թե բուժման արդյունքների բարելավման ապացուցված մեթոդի մասին է։ Հաջորդ փուլով կստուգվի, թե արդյոք մոլեկուլային քարտեզի վրա հիմնված թերապիայի ընտրությունն իսկապես օգնում է պացիենտներին ավելի երկար ապրել և առավել արդյունավետ վերահսկել հիվանդությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում