85 միջազգային կազմակերպություններ կոչ են արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) վերանայել խմելու ջրում նիտրատների մակարդակի ներկա չափորոշիչները: Բաց նամակի հեղինակների խոսքով՝ ներկա չափորոշիչը հաշվի չի առնում երկարաժամկետ հեռանկարում առողջության համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ նոր գիտական ապացույցները, հաղորդել է Medical Xpress-ը։
Ստորագրողների թվում են Greenpeace International-ը և Ընտանեկան բժիշկների համաշխարհային կազմակերպությունը (WONCA): Նրանք կոչ են անում ԱՀԿ-ին ներառել նիտրատները խմելու ջրի որակի ուղեցույցների առաջիկա վերանայման մեջ։
Գործող չափորոշիչը սահմանվել է 1958 թվականին և թույլ է տալիս մինչև 50 միլիգրամ նիտրատի մակարդակ մեկ լիտր ջրում: Սահմանաչափը սկզբնապես նախատեսված էր մետհեմոգլոբինեմիան կանխելու համար, որը վտանգավոր վիճակ է, որի դեպքում արյունը կորցնում է թթվածինն արդյունավետորեն տեղափոխելու ունակությունը: Այս վիճակի նկատմամբ հատկապես խոցելի են նորածինները:
Սակայն, ինչպես նշել են նամակի հեղինակները, վերջերս կատարված համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս նիտրատների երկարատև ազդեցության, նույնիսկ սահմանված սահմանից ցածր խտությունների, և հաստ աղիի քաղցկեղի ու հղիության անբարենպաստ արդյունքների, այդ թվում՝ վաղաժամ ծննդաբերության միջև հնարավոր կապը։ Նիտրատները կարող են ներթափանցել ջրային մարմիններ և ստորգետնյա ջրեր, մասնավորապես՝ ինտենսիվ գյուղատնտեսության պատճառով։
Կազմակերպությունները վկայակոչում են Դանիայի կառավարության պատվիրած փորձագիտական խմբի եզրակացությունները։ Անցյալ տարի փորձագետները խորհուրդ են տվել նիտրատի թույլատրելի խտությունն իջեցնել մինչև 6 միլիգրամ մեկ լիտրի համար, ինչը ԱՀԿ ներկա ստանդարտից ավելի քան ութ անգամ ցածր է։ Դանիան պարտավորվել է իջեցնել ազգային սահմանաչափը 2026 թվականի սկզբին։
Նամակի հեղինակներն ընդգծել են, որ շատ երկրներ հետևում են ԱՀԿ առաջարկություններին՝ մշակելով սեփական ջրի որակի իրենց ստանդարտները։ Հետևաբար, նրանք կարծում են, որ միջազգային ստանդարտների վերանայումը կարող է կարևոր քայլ լինել հանրային առողջության պաշտպանության գործում։ իևնույն ժամանակ, հետազոտություններում պարզված կապերը, ինքնին, չեն ապացուցում, որ թույլատրելի խտություններով նիտրատներն ուղղակիորեն առաջացնում են թվարկված հիվանդությունները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում