Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում խոլերայի խոշոր բռնկում է գրանցվել. 2026 թվականի սկզբից ի վեր վարակվածների թիվն անցել է 60 հազարը։ Այս մասին հայտնում է RFI ռադիոկայանը։
Ինչպես նշում է աղբյուրը, հիվանդության տարածման ֆոնին ԿԴՀ-ի և հարևան Կոնգոյի Հանրապետության (ԿՀ) իշխանությունները ձեռնամուխ են եղել Կոնգո գետի երկու ափերին բնակվողների կանխարգելիչ պատվաստումների ծրագրի իրագործմանը։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին ԿԴՀ-ի արևմտյան ու հյուսիսային շրջաններում, ինչպես նաև ԿՀ-ի հարավում մինչև 2 միլիոն մարդ խոլերայի դեմ պատվաստանյութ կստանա։ Պատվաստումների գործընթաց կիրականացվի նաև ԿԴՀ մայրաքաղաք Կինշասայում։
Այժմ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վերին Լոմամի, Հյուսիսային Կիվու, Տանգանյիկա և Հարավային Կիվու նահանգներում։ Մասնագետների դիտարկմամբ՝ վարակն ունի ընդգծված գետային բնույթ, ինչի հետևանքով Կոնգո գետով դրա տարածման վտանգ է առաջացել։ Խոլերայի բռնկումը տեղի է ունեցել ԿԴՀ-ի արևելքում մոլեգնող Էբոլա տենդի համաճարակի պայմաններում, ինչը հավելյալ բարդություններ է ստեղծում։
Խոլերան առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը խոլերայի վիբրիոնն է։ Մարդը վարակվում է, երբ հարուցիչն աղտոտված ջրի կամ սննդի միջոցով թափանցում է օրգանիզմ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում