7 խորհուրդ՝ մարզվելիս ասթման հաղթահարելու համար

1 դեկտեմբերի, 2014  10:22

Եթե ասթմա ունեք, դեռ չի նշանակում, որ պետք է ֆիզիկական ակտիվությունից հրաժարվեք: Որոշ դեղամիջոցների օգնությամբ ցանկացած սպորտաձեւ կարող է հասանելի մնալ, սակայն ձմռան ցուրտ ամիսներին հարկավոր է հավելյալ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել՝ սառը եւ չոր օդի հրահրմամբ ասթմատիկ նոպայի առաջացումը կանխելու համար: Այլապես հիվանդի՝ ջերմաստիճանի եւ խոնավության նկատմամբ զգայուն շնչուղիները մարզումների մեկնարկին պես կարող են հազ, շնչահեղձություն եւ կրծքավանդակում՝ ծանրության զգացում առաջացնել:

Սովորաբար, քթի անցուղիները ներս քաշված օդին ջերմություն եւ խոնավություն հաղորդելու հատկություն են դրսեւորում, սակայն մարզումների ընթացքում օդն ավելի հաճախ բերանով՝ սառը եւ չոր վիճակում է շնչուղիներ հասնում, որտեղ մկանները ասթմայի ախտանշաններ, մասնավորապես՝ շնչուղիների նեղացում հարուցող սպազմների տեսքով են իրավիճակին հակազդում: Ընդ որում, վերին շնչառական ուղիների ինֆեկցիան կարող է ախտանշանների էլ ավելի վատթարացման հանգեցնել:

Ստորեւ մի քանի խորհուրդներ ենք ներկայացնում՝ ֆիզիկական վարժությունների հրահրմամբ ասթմատիկ նոպայի առաջացումը կանխելու համար.

• Հիվանդության դեմ նշանակված դեղամիջոցներ ընդունեք. բետա-2 ագոնիստների (օրինակ՝ ալբուտերոլի) օգտագործումը՝ վարժություններից 15-20 րոպե առաջ, կարող է շնչուղիների սպազմների՝ մի քանի ժամով կանխարգելման միջոց ծառայել: Առավել երկարաժամկետ ազդեցությամբ աչքի ընկնող բրոնխոլիտիկ միջոցներն էլ 12-ժամյա անվտանգություն կապահովեն: Շնչուղիների «հանգստացման» համար նաեւ հակաբորբոքային դեղամիջոցներ կարող են պահանջվել: 

• Վզնոցի միջով շնչեք. մարզումների կամ վարժությունների ընթացքում կարող եք վզնոցի միջով շնչել՝ ներս քաշվող օդը նախապես տաքացնելու համար: 

• Փակ՝ համեմատաբար տաք տարածքում մարզվեք. փորձեք բացօթյա մարզումները մարզասրահով կամ փակ լողավազանով փոխարինել:

• Խուսափեք մրսած կամ հիվանդ վիճակում մարզվելուց. նախքան մարզվելն օրգանիզմին լիովին վերականգնվելու հնարավորություն ընձեռեք, հատկապես երբ խոսքը հազի կամ վերին շնչառական ուղիների հետ կապված ցանկացած խնդրի մասին է:

• 10 րոպե տեւողությամբ նախավարժանք եւ հետվարժանք կատարեք. այս միջոցառումը շնչուղիներին շրջակա միջավայրին հարմարվելու հնարավորություն կընձեռի:

• Էներգիայի կարճ եւ ընդհատվող պոռթկումներ պահանջող սպորտաձեւով զբաղվեք. խոսքը, մասնավորապես, բեյսբոլին, ըմբշամարտին եւ մարմնամարզությանն է վերաբերում, որոնք առավել տանելի են՝ շնչուղիների համար՝ ի տարբերություն տոկունություն պահանջող սպորտաձեւերի, ինչպիսիք են ֆուտբոլը, երկար տարածության վազքը եւ բասկետբոլը: 

• Նախապատվությունը լողին տվեք. լողը, տաք ու խոնավ միջավայրի շնորհիվ, թերեւս ամենալավ ընտրությունն է՝ ձմռան ամիսներին մարզվելու ցանկություն ունեցող ասթմատիկ հիվանդների համար: Այդուհանդերձ, հատկապես փակ լողավազաններում օդի բաղադրությունը կազմով որոշ գրգռիչներ կարող են ասթմայի նոպա առաջացնել, այնպես որ այստեղ էլ հարկավոր է զգուշամտություն դրսեւորել՝ ախտանշանների նկատմամբ:

Ֆիզիկական վարժությունների հրահրմամբ ասթմատիկ նոպայի նկատմամբ օպտիմալ վերահսկողության սահմանումը հաճախ թիմային աշխատանք է պահանջում: Այս տեսանկյունից հատկապես մարզչի առկայությունը կարող է օգտակար գտնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում