Կոլագենը ոչ միայն հարթեցնում է կնճիռները, այլեւ երիտասարդացնում է օրգանիզմը

18 դեկտեմբերի, 2014  10:35

Մաշկի կնճիռները հարթեցնող եւ վերջույթներն ավելի ճկուն դարձնող միջոցները, որոնցից է կոլագենը, կարող են նաեւ երկարացնել կյանքի տեւողությունը: Այս մասին վկայում են Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները, ովքեր հայտնաբերել են, որ արտաքին երիտասարդության համար պատասխանատու գեները կապված են նաեւ երկարակեցության հետ:

Գիտնականներն իրենց հետազոտություններն անց են կացրել Caenorhabditis elegans կոչվող որդերի վրա: Գիտնականների նպատակն է եղել հնարավորինս երկարացնել որդերի կյանքի տեւողությունը, որի համար կիրառել են զանազան մեթոդներ, օրինակ՝ սննդակարգից բացառել են խոլեստերինը կամ օգտագործել ռապամիցին:

Որդերի կյանքի տեւողության աճի ընթացքում բարձրացել է նաեւ կոլագենի արտադրության համար պատասխանատու եւ փափուկ հյուսվածքները, օրգաններն ու ոսկորները պահպանող արտաբջջային մատրիքսի այլ տարրերի գեների ակտիվությունը:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Քեյթ Բլեքվելը, ընդգծել է, որ երկարակեցություն պարգեւելու փորձերի ընթացքում ավելանում է կոլագենային եւ նմանատիպ գեների ակտիվությունը, որի արդյունքում մատրիքսի վերակառուցումը ամրապնդվում է: Եթե տվյալ գեների էքսպրեսիան ընդհատվի, կյանքը կկրճատվի, քանի որ կապող հյուսվածքների հիմնական կառուցվածքային բաղադրիչները կազմում են մարդու մարմնի սպիտակուցների մոտավորապես մեկ երրորդ մասը:

Մատրիքսի ծերացման դեպքում հետընթաց է սկսվում: Այդ իսկ պատճառով կոլագենը կապված է շատ հիվանդությունների հետ՝ սկսած շաքարախտից մինչեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ վերջացնելով երիկամային հիվանդություններով:

Հետաքրքրական է, որ կյանքի տեւողությունը երկարացնելու եւ երիտասարդությունը երկարաձգելու  բոլոր նախորդ փորձերում գիտնականները փորձել են շեշտը դնել բջիջների վերածնման վրա, այնինչ արտաբջջային մատրիքսի վերամոդելավորման մասին ոչ ոք չի մտածել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում