3 խորհուրդ՝ ալկոհոլ սիրողներին

20 դեկտեմբերի, 2014  21:51

Սովորաբար բոլորիս համար բավականին բարդ է ամանորյա տոները պատկերացնել առանց ոգելից խմիչքների: Մի՞թե կարելի է Նոր տարին տոնել առանց մի գավաթ շամպայնի, գինու կամ էլ մի բաժակ օղու: Սակայն մասնագետները հիշեցնում են, որ ամանորյա տոներին ոմանք չափազանց շատ են ալկոհոլ օգտագործում, որի արդյունքում էլ հիվանդանոցում են հայտնվում կամ էլ ստիպված են լինում շտապօգնություն կանչել:

Ամանորյա տոներն առանց տհաճ անակնկալների անցկացնելու համար հետեւեք հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի երեք խորհուրդին:

1. Միայն որակյալ ոգելից խմիչքներ գնեք

Ցանկացած ոգելից խմիչք կարող է վնասել օրգանիզմը, սակայն ամեն ինչ ավելի վատ կլնի, եթե խմիչքը ցածր որակի լինի: Ուստի մասնագետն առաջարկում է գնել միայն հայնտի երկրի հայտնի արտադրողների պատրաստած որակյալ ոգելից խմիչքներ: Իսկ կեղծ եւ չափազանց էժան ոգելից խմիչքներից ավելի լավ է հեռու մնալ:

2. Շատ մի խմեք

Եթե ալկոհոլը Ձեզ հակացուցված չէ առողջական վիճակի պատճառով, Դուք, իհարկե, կարող եք տոներին մի քիչ խմել, սակայն հասկանալի պատճառներով շատ խմել պետք չէ: Խորհուրդ չի տրվում նաեւ խառնել տարբեր ոգելից խմիչքներ, քանի որ դա կարող է զգալիորեն փչացնել Ձեր տոնը:

3. Մի մոռացեք, թե ինչ կարող է անել ալկոհոլը Ձեր օրգանիզմի հետ

Այո, ալկոհոլը մեր օրերում ցանկացած խնջույքի անբաժանելի մաս է կազմում, սակայն չպետք է մոռանալ, որ ոգելից խմիչքները թույն են օրգանիզմի համար: Սկզբում դրանք լայնացնում են անոթները, հետո կտրուկ նեղացնում՝ դրանով սպազմ առաջացնելով, որից նույնիսկ մարդիկ կարող են կաթված կամ ինֆարկտ ստանալ: Ուստի առողջական խնդիրներով մարդիկ հատկապես պետք է ավելի զգույշ լինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում