«Ուրվական տղան» ուշքի է եկել 14 տարվա կոմայից հետո իր պատմությունը պատմելու համար

14 հունվարի, 2015  14:02

«Ուրվական տղան» 14 տարվա կոմայից հետո արթնացել է իր զարմանալի պատմությունը պատմելու համար:

12 տարեկանում Մարտին Պիստորիուսը մի տարօրինակ հիվանդությամբ է հիվանդացել, որը նրան զրկել է քայլելու, խոսելու եւ նույնիսկ աչքերը պտտեցնելու հնարավորությունից: 14 տարվա ընթացքում նա կոմայի մեջ է գտնվել, իսկ բժիշկները ոչ մի կերպ չեն կարողացել հասկանել, թե ինչ է կատարվում նրա հետ: Նրանց մտքին եկած միակ ախտորոշումը կրիպտոկոկային մենինգիտն էր: Բժիշկները չեն հավատացել, որ նա կապրի, սակայն տղան մահանալու մասին չէր էլ մտածում: Ավելին, քանի դեռ նրա մարմինն անշարժունակ էր, ուղեղը շարունակում էր ակտիվ մնալ:

«Մարդիկ սովորել էին մտածել, որ ես այդտեղ չեմ… Ինձ համար սարսափելի էր մտածել, որ ամբողջ կյանքս ստիպված կլինեմ այդքան մենակ լինել»,-պատմել է վերջերս 39-ը բոլորած Մարտինը:

Նա պատմել է, որ իր գիտակցությունը վերադարձել է հիվանդանալուց երկու տարի հետո: Նա ամեն ինչ տեսել եւ հասկացել է, բայց շրջապատողների համար մնացել է «ուրվական», որին ոչ ոք չէր նկատում:

Պիստորիուսի ընտանիքի ամբողջ կյանքը նրա մասին հոգ տանելու շուրջ է ծավալվել. Հայրը առավոտ շուտ արթնացել է տղային հագցնելու եւ հատուկ կլինիկա տանելու համար, որտեղ երեխան մնում էր օրվա ընթացքում: Այդ կլինիկայում հեռուստացույցով ամբողջ ժամանակ ցուցադրել են « Barney» հեռուստահաղորդումը, որը Մարտինն իր խոսքով մոլեգնորեն ատում էր:

Հետեւելով բոլոր անցուդարձերին եւ հնարավորություն չունենալով մարդկանց ասել, որ ինքն այստեղ է, Մարտինը սարսափով է մտածել, որ իրեն ոչ ոք երբեք չի սիրի, իր նկատմամբ բարի չի լինի: Նա փորձել է խեղդել իր մտքերը, բայց ամբողջությամբ դրանցից ազատվել չի հաջողվել:

Մի անգամ տղայի մայրը, չմտածելով, որ նա լսում է իրեն, նույնիսկ ասել է. «Ես հույս ունեմ, որ դու կմեռնես»:

Ժամանակին զուգընթաց Մարտինը սովորել է հասկանալ մոր զգացմունքները, ով առողջ եւ ակտիվ երեխայի փոխարեն ամեն օր տեսնում էր կաթվածահար, տկար երեխայի եւ համոզված չէր՝ ողջ է նա ընդհանրապես:

Հանկարծ այդ ամենն ամբողջությամբ հասկանալուց հետո Մարտինի մարմինն սկսել է «արթնանալ», նա նորից սկսել է շարժվել:

Նա հիմա 39 տարեկան է, ամուսնացած է, կնոջ հետ ապրում է Մեծ Բրիտանիայում եւ լիովին երջանիկ է: Խոսել դեռ չի կարողանում, բայց կարող է մարդկանց հետ շփվել ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում