Ննջելը վնասակա՞ր է քնի համար

15 հունվարի, 2015  11:42

Երեխաները սովորաբար ամեն ինչ անում են ննջելուց խուսափելու համար, սակայն մեծահասակները հաճախ չեն էլ զգում, թե ինչպես ննջեցին: Fox News-ը պարզել է, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ օրվա ընթացքում ննջելը մեր գիշերային քնի որակի վրա:

Մեր մարմնի ժամացույցը քնկոտության զգացում է առաջացնում առավոտյան 3-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակահատվածում եւ մի փոքր էլ կեսօրին:

Ինչքան երկար եք արթուն մնում, այնքան կարող եք խորը քնել գիշերվա ընթացքում: Գիտնականների կարծիքով սա պայմանավորված է ուղեղում ադենոզին կոչվող նեյրոհաղորդիչով, որի կոնցենտրացիան աճում է արթուն ժամանակ:

Ննջելը նպաստում է, որպեսզի ուղեղն արագորեն ազատվի ադենոզինից, ուստի Դուք գիշերը կարող եք դժվարությամբ քուն մտնել: Ինչեւէ, օրվա ընթացքում կարճ ժամանակով ննջելը նաեւ իր առավելություններն ունի:

Հետազոտությունների համաձայն՝ օրվա կեսին ննջող մարդիկ 20 տոկոսով ավելի լավ են հիշողության վարժություններ կատարում, քան նրանք, ովքեր չեն ննջում: Հետազոտողները պնդում են, որ քունը կարող է մաքրել կարճաժամկետ հիշողության համար պատասխանատու գլխուղեղի հիպոկամպ կոչվող հատվածը նոր տեղեկատվության համար: Բայց պետք է նշել, որ երկար ժամանակով ննջելը կարող է Ձեզ  թուլացնել, ուստի փորձեք ննջել 20 րոպեով կամ ավելի պակաս:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում