Մեդիտացիան բարելավում է ուղեղի աշխատանքը եւ ամրապնդում հիշողությունը

28 հունվարի, 2015  20:34

8 շաբաթվա ընթացքում մեդիտացիա կատարելը դրականորեն է անդրադառնում ուղեղի գորշ նյութի վրա՝  բարելավելով մարդու հիշողությունը, օգնելով նրան դիմակայել սթրեսին, ինչպես նաեւ լավացնել ինքնազգացողությունը: Այս մասին Մասաչուսեթսի ընդհանուր հոսպիտալի (MGH) գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքներն են վկայում:

Գիտնականների նոր հետազոտությանը 16 մարդ է մասնակցել, որոնք 8 շաբաթվա ընթացքում հատուկ մշակված ծրագրով մեդիտացիա են արել: Կամավորներն ամեն շաբաթ պարապմունքների են հաճախել, որտեղ նրանց մեդիտացիա են սովորեցրել, որի հիմնական նպատակը սեփական զգացողությունների, զգացմունքների եւ մտքերի անկողմնակալ գիտակցումն է: Մասնակիցներին նաեւ մեդիտացիայի պրակտիկայի վերաբերյալ աուդիոդասեր են տրամադրել եւ խնդրել գրանցել, թե որքան ժամանակ են նրանք մեդիտացիային տրամադրել: Կամավորներն ամեն օր միջինը 27 րոպե տեւողությամբ մեդիտացիա են կատարել:

Ծրագրից երկու շաբաթ առաջ եւ երկու շաբաթ անց հետազոտողները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ սկանավորել են մասնակիցների ուղեղը:

Պարզվել է՝ այդ 8 շաբաթվա ընթացքում նրանց  գիտակցության մակարդակը բարձրացել է, իսկ հիպոկամպում՝  հիշողության եւ  ուսման համար պատասխանատու ուղեղի հատվածում եւ ինքնագիտակցության, կարեկցության եւ ինքնավերլուծության հետ կապված ուղեղի կառուցվածքներում ավելացել է գորշ նյութի խտությունը: Փորձնական խմբի կամավորների մոտ նաեւ նշագեղձի՝ անհանգստության եւ սթրեսի հետ կապված ուղեղի հատվածում գորշ նյութի խտությունն է նվազել:

 «Զարմանալի է, թե որքան ճկուն է մեր ուղեղը, եւ որքան կարող է մեդիտացիայի պրակտիկան փոխել այն՝ դրականորեն անդրադառնալով մեր ինքնազգացողության եւ մեր կյանքի որակի վրա»,-ասել է հետազոտության հեղինակ Բրիտտա Հոլզելը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում