Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների խումբը բժշկության համար եզակի աշխատանք է կատարել՝ նրանք ստեղծել են միկրոռոբոտներ, որոնք կարող են հայտնվել օրգանիզմի ներսում եւ դեղը հասցնել անհրաժեշտ բջջին: Միկրոռոբոտների նանոշարժիչները գործում են ցինկի հիման վրա եւ կարող են ստամոքսահյութը որպես էներգիաի աղբյուր օգտագործել: Միկրոռոբոտներն արդեն փորձարկվել են եւ հաջողությամբ օգտագործվել դեպի մկան ստամոքսի հյուսվածքը ոսկու մասնիկների տեսքով «դեղամիջոցը» հասցնելու համար:
Միկրոռոբոտների աշխատանքի տեխնոլոգիան բարդ չէ. դրանց ներսում լցնում են դեղամիջոցի անհրաժեշտ չափաբաժինը, որից հետո ռոբոտն անմիջապես շարժվում է դեպի բորբոքված հատվածը: Նանոռոբոտների արագությունը մինչեւ 25մմ/7 րոպե է հասնում:
Ամենահետաքրքիրն այն է, որ ռոբոտներն օրգանիզմի կողմից ոչ մի բացասական ռեակցաներ չեն առաջացնում:
«Մեր շարժիչները նանո-օբյեկտի առաջին օրինակը չեն, որը կարող է ինքնուրույն շարժվել ջրում, արյան մեջ կամ մարմնի այլ հեղուկներում: Այդուհանդերձ, այն նանոսարքավորումների առաջին օրինակն է, որը կարող է վերցնել եւ «բեռը» դատարկել օրգանիզմի ներսում»,-ասել է գիտնական Լյանֆան Չժանը (Liangfang Zhang):
Գիտնականներն ստուգել են իրենց միկրոռոբոտների աշխատունակությունը եւ մի քանի մկների վրա ստուգել օրգանիզմի ներսում նանոշարժիչների հայտնվելու հետ կապված վտանգավոր հետեւանքները: Նանոռոբոտները փորձել են մկների ստամոքս հասցնել ոսկու նանոմասնիկները, որոնք կարելի է հետագայում օգտագործել քաղցկեղային ուռուցքների ոչնչացման համար:
Փորձարկումը հաջողությամբ է ավարտվել: Նանոշարժիչները թունավորումներ չեն առաջացրել, իսկ փորձարկումից հետո կրծողների ստամոքսի հյուսվածքներում ոսկու նանոմասնիկների թիվը չորս անգամ մեծ է եղել, քան այն ժամանկ, երբ մկները պարզապես դրանք կերել են:
Բժիշկները, որոնք արդեն հասցրել են նոր գյուտին ծանոթանալ, այդպիսի ռոբոտների օգտագործման հեռանկարների վերաբերյալ շատ դրականորեն են արձագանքում: Նրանք գյուտը շատ կարեւոր են համարում ծանր հիվանդությունների դեմ պայքարի համար: Չէ՞ որ միկրոռոբոտը կարող է դեղը հասցնել անգամ դժվարահասանելի հատվածներ, որոնք վտանգավոր է վիրահատելը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում