Կինը, ում տղամարդ են համարել, ծննդաբերել է (ֆոտո)

31 հունվարի, 2015  21:49

28-ամյա բրիտանուհի Հոլի Հայնեսը, ով առանց արգանդի է ծնվել, երկվորյակների մայր է դարձել: Երեխաները լույս աշխարհ են եկել արտամարմնային բեղմնավորման օգնությամբ:

Երբ Հոլին 19 տարեկան է եղել, բժիշկները հայտարարել են, որ նա երբեք չի կարողանա ծննդաբերել, քանի որ վերջինս գենետիկորեն տղամարդ է: Աղջիկը դեպրեսիայի մեջ է ընկել: Հայնեսը վախեցել է ժամադրության գնալ, քանի որ չի պատկերացրել՝ ինչպես պետք է երիտասարդ տղամարդուն բացատրի, որ ինքն անդրոգեն անզգայության համախտանիշ ունի եւ միայն արտաքինապես է կին երեւում:

Սակայն Սեմ անունով երիտասարդը, ում հետ Հոլին մանկությունից է ընկերություն արել, կարողացել է ջերմացնել աղջկա սիրտը: Սիրահարներն ամուսնացել են, եւ Սեմը կնոջը համոզել է նորից բուժվել: Հետազոտություններից մեկի ժամանակ բժիշկը փոքրիկ թերզարգացած արգանդ է նկատել, որը չէին նկատել մյուս բժիշկները:

Իր արգանդի աճի համար միջավայր ստեղծելու համար Հոլին սկսել է հորմոնալ դեղամիջոցներ օգտագործել: Բուժման համար զույգը ծախսել է գրեթե ողջ խնայողությունները, քանի որ նրանց բժշկական ապահովագրությունը չի հոգացել անհրաժեշտ պրոցեդուրաների ծախսերը: Արդյունքում Հոլին պատրաստ է եղել արտամարմնային բեղմնավորման: Բժիշկներն զգուշացրել են, որ հղիանալու հավանականությունն ընդամենը 60 % է կազմում:

Բժիշկները կնոջը երկու բեղմնավորված ձվաբջիջ են փոխպատվաստել, եւ երկուսն էլ զարգացել են: Հոլին զույգ աղջիկ է ծննդաբերել, որոնց Ավերի եւ Դարսի են անվանել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում