Բարձրագույն կրթությունը Հայաստանում հասանելի չէ՞ սահմանափակ կարողություններով մարդկանց

24 փետրվարի, 2015  15:50

Բարձրագույն կրթությունը Հայաստանում հասանելի չէ սահմանափակ կարողություններով մարդկանց: ՀՀ բուհերի մեծ մասի շենքերն այնպիսի կառուցվածք ունեն, որ սահմանափակ կարողություններով մարդիկ  պարզապես չեն կարող մուտք գործել: Բացի այդ՝ մեր երկրում գրեթե չկան ուսուցման համապատասխան ծրագրերը, չկան նաեւ մասնագետներ, որոնք կարողանում են եւ ցանկանում են դասավանդել այս մարդկանց:  Այս եզրահանգման են եկել «Ունիսոն» կազմակերպության մասնագետները՝ ԵԱՀԿ-ի հետ համատեղ անցկացրած հետազոտության արդյունքներն ամփոփելով: 

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ 29 բուհերից միայն մեկն է հարմարեցված սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Ինչպես նշեց «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, խոսքը գնում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի մասին, որի նոր շենքը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին եւ հարմար է այս մարդկանց համար: Մնացած բուհերը, ցավոք սրտի, նախագծված են այնպես, որ այնտեղ գրեթե անհնար է մուտք գործել, օրինակ, սալյակով, կամ տեսողական խնդիրների առկայության դեպքում:

Ուսումնասիրությունը ցույց տվեց նաեւ, որ մեր երկրի բուհերի ուսանողների միայն 0.5 տոկոսը եւ դասախոսների 0.7 տոկոսը հաշմանդամություն ունեն: Հետազոտության ընթացքում, սակայն, մասնագետները իմացան կույր մեկ դասախոսի մասին, ինչը այն բանի վկայությունն է, որ սահմանափակ կարողություններով մարդիկ ամեն դեպքում մասնակցում են հասարակական կյանքին: Համապատասխան պայմանների առկայության դեպքում այդ մասնակցությունը շատ ավելի մեծ կլիներ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր Մակքոյը ընդգծեց կրթության եւ հատկապես սահմանափակ կարողությունների տեր մարդկանց կրթության կարեւորությունը՝ նշելով, որ կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է եւ հենց կրթությունն է նպաստում հասարակության զարգացմանն ու դրա երկարաժամկետ անվտանգությանը:

Հետազոտությունն անցկացվել էր 2014 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մասնագետների ուշադրության կենտրոնում էին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի պետական, ոչ պետական եւ միջազգային (Ամերիկյան եւ Սլավոնական համալսարաններ) բարձրագույն կրթական հաստատությունները (ընդհանուր առմամբ՝ 29):

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում