Ինչո՞վ են իրարից տարբերվում գրիպի վիրուսները

24 մարտի, 2015  15:31

Մենք շատ հաճախ ենք լսում, որ ընթացիկ այս սեզոնին տարածված են հիմնականում գրիպի A կամ B տեսակները: Իսկ ինչո՞վ են վիրուսի այդ տեսակները տարբերվում իրարից:

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի խոսքով՝ հիվանդի տեսանկյունից գրիպի ցանկացած տեսակի վիրուսով վարակվելը նույն ախտանիշներն է առաջացնում` բարձր ջերմություն, գլխացավ, մի շարք այլ ցավեր եւ տհաճ ախտանիշներ: Սակայն վիրուսի տեսակը որոշելը շատ կարեւոր է համաճարակաբանների համար:

Սովորաբար A տեսակի գրիպը ավելի արագ է բարդացումներ առաջացնում թոքաբորբի տեսքով եւ ավելի ծանր է ընթանում: Տարածված է այն, ի դեպ, ոչ միայն մարդկանց շրջանում, այլ նաեւ կենդանիների, սակայն բոլոր կենդանիներին բնորոշ է իրենց ուրույն վիրուսը, որն այլ տեսակներին չի փոխանցվում:

B տեսակի վիրուսը տարածվում է միայն մարդկանց շրջանում՝ առաջ բերելով նույնքան լուրջ բարդացումներ, որքան A տիպի վիրուսը: Գոյություն ունի նաեւ C ենթատեսակը, որի մասին առայժմ այդքան շատ բան հայտնի չէ:

Ինչպես նշել է Լիանա Թորոսյանը, Հայաստանում այժմ տարածված են գրիպի A եւ B տեսակները: Ընդ որում՝ B-ն այժմ ավելի ակտիվ է: Կապված է դա, հավանաբար, այն բանի հետ, որ գրիպի վիրուսները ցիկլիկ բնույթ ունեն: Համարվում է, որ A ենթատեսակի գրիպի համաճարակը կրկնվում է ամեն 2-3 տարին մեկ, իսկ B տեսակի՝ ամեն 4-6 տարին մեկ: Ինչ վերաբերվում է C տեսակին, դրա հաճախակայնությունը դեռեւս բացահայտված չէ:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ քանի որ վերջին տարիների ընթացքում գրիպի B ենթատեսակը բավականաչափ իներտ էր, մարդկանց օրգանիզմը որոշակի իմաստով մոռացել է, թե ինչպես պետք է պայքարել դրա դեմ: Տրամաբանական է, որ այժմ տարածված է գրիպի հենց այդ տեսակը: Եվ, քանի որ գրիպի եւ ՍՇ վարակների սեզոնը կշարունակվի մինչեւ ապրիլի վերջ, խուրհուրդ է տրվում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վարակվելուց խուսափելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում