Երեւանում մեկնարկել է «Առողջապահություն եւ դեղագործություն-2015» ցուցահանդեսը

27 մարտի, 2015  13:16

Երեւանում այսօր մեկնարկել է 14-րդ միջազգային մասնագիտական «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը եւ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն:

Հիշեցնենք, որ սա առողջապահության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսն է, որը նախատեսված է բժշկական հաստատությունների ղեկավարների, գիտաշխատողների, բժիշկների, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների շուկայում աշխատող ներդրողների, ձեռներեցների, մասնագետների համար:

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են սեմինարներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ, ինչպես նաեւ տեղի կունենա «ХХI դարի ատամնաբուժություն» ատամնաբուժական ֆորումը:

Ցուցահանդեսում ընդգրկված են ավելի քան 80 մասնակիցներ, որոնց 30 տոկոսը ներկայացնում է օտարերկրյա ընկերությունները՝ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Հունգարիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսրայելից, Ղազախստանից: Ցուցահանդեսին մասնակցում են խոշոր բժշկական կենտրոնները, դեղագործական ընկերությունները, բժշկական սարքավորումների արտադրողներն ու ներմուծողները:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են LOGOS EXPO Center-ը եւ ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Ցուցահանդեսը տեղ է ունենում Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում,  Հ.Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք) հասցեով։ Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 29-ին ժ. 17:00։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում