GlaxoSmithKline ընկերությունը հետ է կանչում ԱՄՆ-ում բավականին հայտնի գրիպի դեմ իր պատվաստանյութը՝ իր այս քայլը փաստարկելով նրանով, որ ժամանակի ընթացքում պատվաստանյութի ակտիվությունը կարող է նվազել:
Համարվում է, որ Flulaval Quadrivalent Thimerosal-free պատվաստանյութը կարող է պաշտպանել մարդկանց գրիպի վիրուսի մի շարք շտամերից, սակայն, ինչպես վերջերս հայտնել են ընկերության ներկայացուցիչները, ժամանակի ընթացքում պատվաստանյութը կարող է կորցնել իր արդյունավետությունը: Այսպես, բացառված չէ, որ այն այլեւս կարող է արդյունավետ չլինել այն մարդկանց դեպքում, ովքեր պատվաստվել են հունվարի սկզբին կամ ավելի ուշ:
Ընկերությունը ստիպված եղավ հետ կանչել պատվաստանյութի 1.7 միլիոն չափաբաժին, սակայն դեռեւս հայտնի չէ, ինչ քանակությամբ է այն մնացել շուկայում:
Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, մասնագետները խորհուրդ են տալիս գրիպի դեմ պատվաստվել աշնանը:
Հիշեցնենք, որ շատ մասնագետներ այս ընթացքում բազմիցս հայտարարել են այն մասին որ գրիպի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը շատ արագ կորցնում են իրենց արդյունավետությունը, քանի որ վիրուսը մուտացիայի է ենթարկվում: Որոշ երկրներում գրիպով պայմանավորած մահվան դեպքեր են արձանագրվել՝ չնայած իրականացվող պատվաստումների:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում