Կնոջ ականջօղը հայտնվել է նրա աջ բրոնխի մեջ

22 ապրիլի, 2015  16:13

Ավստրալիայի մի բնակչուհի հայտնվել է հիվանդանոցում բավականին տարօրինակ խնդրով: Նա շնչելուց պատահաբար ներս է քաշել իր ականջօղերից մեկը, վերջինս էլ մնացել է նրա աջ բրոնխում:

41 տարեկան կինը տառապում էր ասթմայով, եւ շնչառական հերթական խնդիրներից հետո օգտվել է իր ինհալյատորից, որը հանկարծակի տարօրինակ ձայն է հանել: Կինը որոշել է, որ ինհալյատորի հետ ամեն ինչ կարգին է, շնչել է եւ զգացել, որ ինչ-որ բան քերծեց իր կոկորդը: Այնուհետեւ նա սկսել է արյուն հազալ, խեղդվել:

Երբ կնոջը հիվանդանոց են բերել, նա համոզված էր, որ փայլաթիթեղի կտոր է կուլ տվել, սակայն ՀՏ-ն ցույց տվեց, որ նրա աջ բրոնխի մեջ… ականջօղ է:

Ինչպես նշեց Սիդնեի St. Vincent's Hospital-ի բժիշկ Լյուսինդա Բլեքը, կինը, որի անունը չի նշվում, հավանաբար, չի փակել ինհալյատորը, այդ պատճառով ականջօղը պայուսակում գտնվելու ժամանակ պատահմամբ հայտնվել է ինհալյատորում:  Ավելին՝ կինը չգիտեր, որ ինհալյատորն օգտագործելուց առաջ պետք է համոզվել, որ այն սարքին է:

Բժիշկները կնոջը հակաբիոտիկներ են տվել՝ ինֆեկցիան կանխարգելելու համար, իսկ այնուհետեւ բրոնխոսկոպիա արել՝ հեռացնելով ականջօղը:

Այժմ կնոջ հետ ամեն ինչ կարգին է: Եվ, բժիշկների խոսքով, նա սովորել է ճիշտ օգտագործել ինհալյատորը:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել BMJ Case Reports ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում