Առողջ վարորդները զբաղեցնում են սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված կայանատեղեր՞ը

5 մայիսի, 2015  17:42

Արդեն երեք ամիս է, ինչ լուսանկարիչ-օպերատոր, առաջին խմբի հաշմանդամ Գառնիկ Մելիք-Կարապետյանը վարորդական իրավունք է ստացել: Առաջին իսկ օրվանից նա բախվել է անսպասելի մի խնդրի հետ. հաշմանդամների համար նախատեսված հատուկ կայանատեղերը մշտապես զբաղված են, ընդ որում՝ զբաղեցնում են դրանք հաշմանդամություն չունեցող, միանգամայն առողջ վարորդները:

Ինչպես պատմեց Գառնիկ Մելիք-Կարապետյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում, երեք ամսվա ընթացքում նա ընդամենը երկու անգամ է կարողացել կայանել ավտոմեքենան սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված տեղում: Մնացած ժամանակ կայանատեղերը հիմնականում զբաղված էին լինում, եւ նա ստիպված էր կայանել մեքենան այնտեղ, որտեղ ազատ էր:

Հաշմանդամություն ունեցող վարորդների համար նախատեսված կայանատեղերը պատահաբար չեն ընտրվում: Դրանք սովորաբար նախատեսված են այնպիսի տեղերում, որտեղից սահմանափակ կարողություններով մարդը հնարավորինս արագ կարող է հասնել մինչեւ մոտակա շինությունները: Իսկ ահա մեքենան այլ տեղերում կայանելը կարող է նկատելիորեն բարդացնել հաշմանդամություն ունեցող մարդու կյանքը: Գառնիկ Մելիք-Կարապետյանը, օրինակ, շատ անգամներ ստիպված կայանել է ավտոմեքենան բավականին հեռու տեղերում, իսկ այնուհետեւ, հենվելով փեռնափայտի վրա, ծանր օպերատորական տեխնիկան ձեռքին, ոտքով հասել մինչեւ անհրաժեշտ շինություն:

Ընդ որում՝ լուսանկարչի խոսքով՝ նա, ամեն դեպքում, ավելի քիչ խնդիրների է բախվում, քան սայլակին գամված մարդիկ, որոնց կյանքն անհամեմատ ավելի բարդ է:

Հիշեցնենք, որ այսօր նշվում է հաշմանդամների իրավունքների համար պայքարի Միջազգային օրը,  որի շրջանակներում «Ունիսոն» հ/կ-ն «Անկախ կյանքի հայկական ցանցի հետ մեկտեղ» ֆլեշմոբ է կազմակերպել՝ սահմանափակ կարողություններով մարդկանց  համար նախատեսված կայանատեղերի վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում