Քաղցկեղի դեմ պայքարելու համար գիտնականները առաջին անգամ գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսներ են կիրառել

29 մայիսի, 2015  12:45

Բրիտանացի գիտնականները Royal Marsden լոնդոնյան հիվանդանոցից եւ Քաղցկեղի հետազոտման ինստիտուտից հաջողությամբ կիրառել են գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսները քաղցկեղի դեմ պայքարելու համար: Նոր մեթոդի փորձարկմանը մասնակցել է 436 հիվանդ:

«Մենք սովորաբար ընկալում ենք վիրուսները որպես մարդկության թշնամիներ, սակայն դրանց՝ բջիջները վարակելու հատկությունը կարող է չարորակ ուռուցքների դեմ պայքարի խոստումնալից մեթոդ դառնալ», - կարծում է Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գլխավոր տնօրեն Փոլ Ուորկմենը:

Գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսների օգտագործմամբ թերապիայի կիրառման արդյունքում հնարավոր եղավ երկարացնել մելանոմայով՝ մաշկի քաղցկեղով հիվանդների կյանքը: Նոր այս մեթոդի միջոցով փորձել են ազդել քաղցկեղի ագրեսիվ, վիրահատության հնարավորություն չընձեռող տեսակների վրա: Այս հիվանդների կյանքը հնարավոր եղավ երկարացնել միջինում 20 ամսով:

Այլ դեպքերում արդյունքները ավելի համեստ էին: Չնայած դրան՝ հետազոտության ընթացքում առաջին անգամ ապացուցվեց այսպես կոչված ուռուցքաբանական վիրուսների կիրառմամբ թերապիայի արդյունավետությունը: Մեթոդը ստացավ իմունոթերապիա ավանումը: Հերպեսի վիրուսի գեները մոդիֆիկացվել են այնպես, որ այն ազդի միայն քաղցկեղով ախտահարված բջիջների վրա՝ առանց առողջ բջիջների վրա իր ազդեցությունը տարածելու: Գիտնականների կարծիքով՝ այս վիրուսների կիրառման հաջող փորձը կարող է ճանապարհ հարթել քաղցկեղի բուժման այլ մեթոդների կիրառման համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում