Դաջվածքները կարող են մաշկի՝ դժվար բուժվող հիվանդություններ առաջացնել

29 մայիսի, 2015  20:39

Դաջվածքերը կարող են առողջական բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ, պարզել են Նյու Յորքի համալսարանի գիտնականները: Նրանք կոչ են անում տատու սրահների ծառայություններից օգտվող մարդկանց իրազեկ լինել այս հարցում:

Գիտնականները պարզել են, որ Նյու Յորքի բնակիչների գրեթե 6 տոկոսը, որոնք դաջվածք ունեն, այնուհետեւ բախվում են մաշկային տարատեսակ խնդիրների հետ՝ քոր, այտուցումներ եւ այլն: Որոշ ծանր դեպքերում խնդիրը շարունակվում է մի քանի տարի:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ դաջվածքների պատճառով ի հայտ եկած մաշկային որոշ խանգարումներ բուժվում են հակաբորբոքային ոչ ստերոիդային դեղերի միջոցով, բայց այլ խնդիրների բուժման համար կարող է լազերային վիրաբուժություն պահանջվել: Այս ամենը հիվանդների մոտ լուրջ սթրեսներ կարող է առաջացնել:

Այսօր ամերիկացիների 20 տոկոսը առնվազն մեկ դաջվածք ունեն: Երիտասարդների  շրջանում դրանց քանակը գերազանցում է 50 տոկոսը, սակայն հենց այդ տարիքային խմբում է իրազեկվածության մակարդակը ամենացածրը: Հետազոտության հեղինակները ընդգծում են նաեւ, որ այսպիսի ծառայությունների մատուցման շուկան պատշաճ կերպով չի կարգավորվում, ինչը եւս չի նպաստում ծառայությունների որակի բարձրացմանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում