ԱՄՆ-ում թմրանյութերի գերդոզավորման դեմ դեղը բաժանում են թմրամոլների մերձավոր շրջապատում. ընտանեկան բժիշկ

3 հուլիսի, 2015  23:26

Վերջին տաս տարիների ընթացքում ԱՄՆ-ում կիրառվում է թմրանյութերի գերդոզավորման բուժման նոր եղանակ: Մասնավորապես, բժիշկները դրա դեմ պայքարող դեղը բաժանում են անմիջապես թմրամոլների, նրանց ընկերների ու բարեկամների շրջանում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ընտանեկան բժիշկների Լոս Անջելեսի ակադեմիայի ղեկավար, UCLA համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր Արթուր Օհաննեսյանը:

Նա նշեց, որ օպիոիդային գերդոզավորման համար, որը աշխարհում մահվան ամենատարածված պատճառներից է, նալոքսոն դեղամիջոցն է օգտագործվում: Այսօր երկրների մեծամասնությունում այս դեղը հասանելի է միայն առողջապահական կազմակերպությունների միջոցով, քանի որ կասկածներ կան առ այն, թե կարող են արդյոք բժշկական պատրաստվածություն չունեցող մարդիկ ճիշտ օգտագործել այն: Սակայն ԱՄՆ-ում վերջին տարիներին այլ կերպ են վարվում: Այս դեղորայքով ապահովում են ընտանեկան բժիշկներին, ոստիկաններին, ինչպես նաեւ թմրամոլների մերձավորներին, քանի որ գերդոզավորման արդյունքում մահը շատ արագ է վրա հասնում, եւ շտապ օգնությունը ոչ միշտ է հասցնում օգնել մարդուն: Իսկ նալոքսոնը շատ արագ է օգնում:

Ընդ որում՝ նալոքսոնը, Օհաննեսյանի խոսքով, օպիոիդ չէ, այլ օպիօիդի անտագոնիստ, եւ կախում չի առաջացնում՝ ի տարբերություն թմրամիջոցների: Նվազագույն պատրաստվածության դեպքում նալոքսոնը կարող է օգտագործվել բժշկական կրթություն չունեցող մարդկանց կողմից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում